«ԱրմԹեք 2017» 10-րդ գործարար համաժողովը կկայանա սեպտեմբերի 27-ին

Սեպտեմբերի 27-ին կկայանա բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ «ԱրմԹեք 2017» ամենամյա գործարար համաժողովը:

«Նախատեսվում է, որ «ԱրմԹեք’17»-ը կունենա ավելի քան 200 մասնակից` բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Եվրոպայի տարբեր երկրներից»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է նախարար Վահան Մարտիրոսյանը:

«ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է համաժողովի օրակարգի հիմնական ուղղությունները. կիբերանվտանգություն, այս ոլորտում տարբեր երկրների կիրառած փորձը, կիբերանվտանգության մասնագետների արդի խնդիրներն ու մարտահրավերները, կիբեր սպառնալիքներն ու պաշտպանվելու հնարավորությունները՝ մասնավոր և հանրային հատվածում։

«Ինչքան բարձր տեխնոլոգիաները զարգանում են, այնքան կիբերանվտանգության խնդիրը ավելի ու ավելի է արդիական դառնում: Մենք այս թեման քննարկելու ենք, ոչ թե որովհետև հայկական ինտերնետի վրա կիբերհարձակումները շատ են, այլ որովհետև այս թեմայով փորձ և ասելիք ունենք»,- նշում է նա:

Համաժողովը նաև բացառիկ հնարավորություն է համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հիշեց, որ երբ 2007-ին առաջին «ԱրմԹեք»-ը պիտի անցկացվեր, շատ հավակնոտ էր հնչում երկու տարին մեկ այս համաժողովը ԱՄՆ-ում` Սիլիկոնային հովտում անցկացնելը: 10 տարվա փորձը ցույց է տվել որ Հայաստանը տեխնոլոգիական միջազգային հանրությանն ամեն տարի ասելիք ունենում է:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասել է 500-ի, որոնց տարեկան շրջանառությունը անցնում է 6 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը: Այս ոլորտում զբաղված է 15.000 մասնագետ: Աշխատատեղերը շարունակում են կայուն աճ ապրել` տարեկան 10 տոկոսով: Իսկ ՏՏ ոլորտի տնտեսական աճը վերջին տարվա ընթացքում հասել է գրեթե 35 տոկոսի: