Հայաստանի զարգացման հիմնադրամը համագործակցություն է սկսել Joomag-ի հետ։ ՀԶՀ Մարքեթիգի թիմն այսուհետև օգտագործելու է Joomag-ի տրամադրած առցանց գործիքները՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները բնութագրող ինտերակտիվ նյութեր ստեղծելու և տարածելու համար։ Թվային հրապարակումներից մի քանիսն արդեն հասանելի են բոլորին։
«Միջազգային մասնագետների, ներդրողների, գործարարների շրջանում սա նյութերի տարածման, վերլուծությունների, հետադարձ կապի ապահովման արդյունավետ ու նորարար միջոց է, ինչն օգտակար կլինի հիմնադրամի մասնագետների և մեր ծրագրերով հետաքրքրվածների համար»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Հայաստանի թվայնացման գործում։ Սա կօգնի ավելի ինտերակտիվ կերպով ներկայացնել թվային նյութերը և լինել մրցակցային՝ թվային կոնտենտի դաշտում»,- նշել է «Joomag» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տիգրան Բադալյանը։
Նոր հարթակի միջոցով ներկայում Հիմնադրամի թիմը մշակում է ներդրումային ծրագրեր նույնպես։
Նշենք, որ Joomag-ի թվային հարթակից օգտվում են Huffington Post, Cosmopolitan, Elle, Harper’s Bazaar, Vogue, Levi’s, IBM, KFC և ավելի քան կես միլիոն մեծ ու փոքր այլ բիզնեսներ՝ հրապարակումների առցանց ստեղծման, տարածման, վերահսկման և վաճառքի համար:
Ընկերությունը հիմնադրվել է 2009թ․ Սիլիկոնյան հովտում՝ 4 հայ ծրագրավորողների կողմից։ «Joomag»-ը համակողմանի լուծումներ է առաջարկում մեծ և փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման և կորպորատիվ հաղորդակցության պահանջների բավարարման համար։
«Joomag»-ի գործիքներով հնարավոր է ձևավորել և ավելի ինտերակտիվ դարձնել ցանկացած նյութ: Օրինակ, օնլայն խմբագրիչի միջոցով նյութը կարելի է հարստացնել տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիայով, տեսադարանով, հղումներով և այլն: