Obolot. ստեղծվել է հայկական ուսուցողական անիմացիոն 3D մուլտսերիալ

Ստեղծվել է հայկական արտադրության անիմացիոն եռաչափ մուլտֆիլմերի շարք, որի հերոսը Օբոլոտ անունով խենթ, զվարճալի և ընկերասեր մանուկ ռոբոտն է, որն իր աշխարհում` Բոքսլենդում, մշատպես նոր բացահայտումներ է անում, արկածների է հանդիպում, առաջադրանքներ է լուծում։

Նախագիծը ստեղծվել է DigiStep անիմացիոն ստուդիայում։ Հեղինակները հենց ստուդիայի մասնակիցներն են: DigiStep-ի հիմնադիր Ռաֆիկ Մխիթարյանը itTrend-ին պատմել է նախագծի նպատակի և առաջիկա զարգացումների մասին։

«Մեր ստուդիան տարիներ շարունակ ստեղծում է մանկական անիմացիոն ֆիլմեր արտասահմանյան ընկերությունների համար` թե՛ հեռուստատեսության և թե՛ YouTube-ի համար: Երկար ժամանակ է, ինչ ցանկություն կա սեփական նախագիծ սկսելու, և վերջիվերջո սկսեցինք Օբոլոտ անիմացիոն սերիալը»,- նշում է նա:

Մուլտսերիալը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, զարգացնում է տրամաբանությունը, ծանոթացնում տարբեր առարկաների կառուցվածքներին, նշանակությանը և կիրառությանը։ Յուրաքանչյուր սերիայում Օբոլոտը նոր առարկա է բացահայտում` հրթիռ, հեծանիվ, էքսկավատոր և այլն։

«Սերիալն ունենալու է ճյուղավորվող բնույթ, այսինքն ժամանակի ընթացքում հայտնվելու են նոր հերոսներ, հետո այդ նոր հերոսներով սկսվելու են նոր սերիալներ, բայց ընդհանուր առմամբ բոլորը պահպանվելու են նույն Օբոլոտյան ստրուկտուրայի և բրենդի սահմաններում։ Սերիաների քանակն անսահմանափակ է լինելու»։

YouTube-ում նախագիծը մեկնարկել է այս տարվա հոկտեմբերին, ամեն երկուշաբթի թողարկվում է նոր սերիա և ամեն չորեքշաբթի` հաջորդի թրեյլերը:  Ռաֆիկի գնահատմամաբ` արդյունքները գոհացնող են, հավանումները` շատ։ Youtube-յան դիտումների ընդհանուր քանակը մոտ 20000 է։

«Տվյալ YouTube-յան ալիքը նախատեսված է միջազգային հանրության համար, այդ պատճառով հայերեն կամ այլ լեզու օգտագործված չէ, սակայն շատ շուտով նախատեսում ենք մեկնարկել նոր ալիք, որտեղ բացառապես հայալեզու մուլտֆիլմեր կհրապարակենք»:

Նշենք, որ արդեն թողարկվել է 5 սերիա։ Շարքում ներդրվել են նաև հայկական ազգային երաժշտության, ճարտարապետության դետալներ։

Նունե Գրիգորյան