Երևանում 1–ին անգամ կանցկացվի արվեստի և մշակույթի ոլորտի հեքըթոն

Դեկտեմբերի 15-17–ը Երևանում` ISTC կենտրոնում, առաջին անգամ կանցկացվի Garage48՝ արվեստի և մշակույթի ոլորտի հեքըթոն։ Ծագելով Էստոնիայում և Սիլիկոնյան հովտում՝ Garage48 հեքըթոնները առաջինն են իրենց տեսակի մեջ, որոնք անց են կացվում արագ զարգացող տեխնոլոգիահեն երկրներում՝ Ուկրաինա, Լատվիա, Բելարուս, Գանա, Ուգանդա, Քենյա և այլուր։

Հիմնական թեմաներն են`

  • Ավանդական մշակույթ և մշակութային ժառանգություն
  • Մշակութային տուրիզմ
  • Մշակութային կրթություն
  • Արվեստ և տեխնոլոգիաներ
  • Մշակութային ժառանգությունը ժամանակակից միջավայրի համատեքստում։

Միջոցառումը մի հարկի տակ կհավաքի հայկական մշակութային ժառանգության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական և ստարփափ համայնքներին՝ նպաստելով Հայաստանի մշակութային ժառանգության զարգացմանը, տարածմանն ու պահպանմանը։ 

Հեքըթոնին կարող են մասնակցել փորձառու գրաֆիկական, UI/UX դիզայներներ, արվեստաբաններ, մշակութաբաններ, արտիստներ, ծրագրերի ղեկավարներ, ծրագրավորողներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, ովքեր պատրաստ են 48 ժամվա ընթացքում ստեղծելու աշխատող նորարարական նախատիպեր։

Գրանցվել հնարավոր է այստեղ։

Մասնակցելու համար պետք է ներկայացնել գաղափար կամ պարզապես միանալ որևէ թիմի` ըստ հմտությունների։ Միջոցառման լեզուն  անգլերենն է։  Մրցույթի ընթացքում մասնակիցներին կօգնի մենթորների թիմը` տեղացի և էստոնացի մասնագետներից կազմված։ Լավագույն թիմերին սպասվում է դրամական օժանդակություն։

Նշենք, որ Garage48 Երևանյան հեքըթոնը կազմակերպվում է Էյվա արվեստների հիմնադրամի հետ համատեղ Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության և Էստոնական զարգացման գործակալության հովանու ներքո։