Cribby. հայկական առաջին «խելացի» օրորոցը, որը հեքիաթ կպատմի ու կերգի երեխայի համար

Հայաստանում պատրաստվել է առաջին «խելացի» օրորոցը` Cribby-ն, որը համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այն հնարավոր է կառավարել սմարթֆոնով` հավելվածի միջոցով։ Մանկական «խելացի» մահճակալը թույլ է տալիս տեսախցիկի օգնությամբ հսկել երեխային, ներկառուցված սենսորները կզգան մանկան շարժումները, լացը, կֆիքսեն ակտիվությունը և ծնողը ասմարթֆոնով կտեղեկանա ու ծանուցումներ կստանա այդ մասին։

Խելացի օրորոցը կարող է նաև հեքիաթ պատմել, աուդիոգրքեր կարդալ կամ էլ երգել երեխայի համար։ Հատուկ օրորոցի համար ձայնագրվել են տարբեր երկրների օրորոցայիններ։ Cribby-ն նաև օժտվել է արտաքին լուսավորության, օդի ջերմաստիճանը, խոնավության մակարդակը չափելու հնարավորություններով։ Երեխայի խնամքի համար նախատեսվել է հատուկ սեղան, որը միաժամանակ կշեռք է։

Գաղափարի հեղինակը Գոռ Շահբազյանն է: 2014-ին` հայր դառնալուց հետո մտադրվել է թեթևացնել երեխայի խնամքի հոգսերն ու ստեղծել «խելացի» մանկական մահճակալ:

itTrend.am-ի հետ զրույցում Գոռը պատմեց գաղափարից իրականություն տանող ճանապարհի, սկզբնական արձագանքների մասին.

«Օրորոցը սկզբում շատ տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Ոմանք ասացին, որ «խելացի» մահճակալը կհեռացնի երեխային ծնողից: Մենք կենտրոնացած ենք օգնելու այն ծնողներին, ովքեր հնարավորություն չունեն ամեն պահի երեխայի կողքին լինել, փոխարենը` սմարթֆոնով կկարողանան տեղեկանալ նրա մասին»։

Գլխավոր առավելություններից մեկը համարում է այն, որ ծնողները պարտավոր չեն լինի գնել բազմատեսակ սարքավորումներ և դրանցով շրջապատել օրորոցը, Cribby-ում կգնտեն իրենց անհրաժեշտ գրեթե բոլոր ֆունկցիաները։ Սմարթֆոնով հնարավոր է նախընտրելի երաժշտությունը, աուդիոգրքերը միացնել երեխայի համար։

Տեխնիկական պատասխանատու Աշոտ Գասպարյանը նշեց, որ յուրաքանչյուր ծնող կարող է իր երեխայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ստանալ առանձին տրամադրվող ամպից ցանկացած գադջեթով։

«Նախագծին միացանք Գոռ Շահբազյանի առաջարկով, մոտ 3 ամիս ակտիվ աշխատանքներ ենք տարել ու ստացել ենք նախատիպը,- պատմում է Աշոտը,- առաջնային տարբերակը պարունակում է շարժման, ձայնի լույսի, սենսորներ, ջերմաստիճանի խոնավության չափիչ սարքեր, տեսախցիկ և բարձրախոս: Ինֆորմացիան ամբողջովին մշակվում է օրորոցում տեղադրված համակարգչի միջոցով, մշակումից հետո տեղափոխում ենք ամպ և ծնողը ստանում է ինֆորմացիան։ Հավելվածը հասանելի կլինի Android և iOS համակարգերի համար»:

Ներկայացված տարբերակը դեռևս մշակման փուլում է և բարդությունների, ինչպես բոլոր hardware մշակողները, նրանք նույնպես հանդիպել են։

«Բարդությունների դեռ հանդիպում ենք, առաջինը` ինֆորմացիայի տեխափոխման խնդիրն է, սինքրոնացումը թե՛ սմարթֆոնի, թե՛ ամպի հետ։ Փորձում ենք օպտիմիզացնել բոլոր գործողությունները։ Դրանից բացի կան խնդիրներ սենսորների հետ, մշտապես պետք է տալ մաքսիմալ ճշգրիտ ինֆորմացիա: Աշխատում ենք ավելի կատարելագործել սենսորները, նաև վիճակագրական տվյալների արտացոլումը»,–հավելեց Աշոտը:

Կիբերանվտանգության մասին նույնպես հոգացել են։ Հաքերային հարձակումներին դիմակայելու և անձնական տվյալներն անվտանգ պահելու համար մշակել են պաշտպանական անկոտրելի համակարգ։

«Հատուկ ուշադրություն ենք դարձնում համակարգը վերահսկելու, անվտանգությունը ապահովելու համար՝ ծրագրային մասով: Արել ենք ամեն ինչ` կոտրելու ռիսկերը քչացնենլու համար»,–ընդգծեց Գոռ Շահբազյանը։ 

Հեղինակները նշում են, որ օգտագործված բոլոր սենսորները և սարքավորումները վնասակար չեն երեխայի առողջության համար։ Տեխնոլոգիաներից բացի անվնաս են նաև նյութերը, որոնցով պատրաստվել է օրորոցը։

Տեսանյութը` Գոռ Շահբազյանի facebook-յան էջից։

Սերգեյ Նավասարդյանը` Cribby-ի արտ-տնօրենը, ասում է` մահճակալը պատրաստված է օրգանիկ նյութերից փայտերի համադրումով, գլխավոր առանձնահատկություններից մեկը համարում է ջերմ ու հարմարավետ միջավայրը, որը տալիս է օրորոցը մանուկին` անկախ տեխնոլոգիական հնարավորություններից։

Օրորոցի մասսայական արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա 2–րդ կեսին։ Առաջիկայում պլանավորում են քրաուդֆանդինգ արշավ, որն առավելապես կօգտագործեն որպես գովազդային հարթակ։ Թիրախավորել են գլոբալ շուկան, հատկապես այն երկրենրը, որտեղ ծնելիության մակարդակը համեմատաբար բարձր է: Գինը դեռևս հայտնի չէ, բայց Գոռի խոսքով` այն հասանելի կլինի միջին վիճակագրական հայ ընտանիքի համար։

Լուսանկարները` Գևորգ Խուրշուդյանի։ 

Նունե Գրիգորյան