WhatsApp-ը սկսել է պայքարել շղթայաբար տարածվող «երջանկության» նամակների դեմ

WhatsApp մեսենջերը թեստավորում է նոր ֆունկցիա, որը սահմանափակում է անցանկալի նամակների շղթայաբար տարածումը։ Facebook-ին պատկանող ընկերությունն սկսել է օգտատաերերին տեղեկացնել, որ իրենց «երջանկություն պարգևող» հաղորդագրությունն ուղարկվել է բազմաթիվ մարդկանց և կարիք չկա այն ուղարկել այլ մարդկանց։ Ծանուցումն ստանում է և՛ ուղարկողը, և՛ ստացողը։

Այս նորամուծությունը կոչված է պայքարելու WhatsApp-ում սպամի, կեղծ լուրերի և սուտ ինֆորմացիայի տարածման դեմ։

Մեսենջերի միջոցով կեղծ լուրերի տարածումը հատկապես աղետալի հետևանքներ է ունեցել Հնդկաստանում, որտեղ նախորդ տարվա մայիսին այդպիսի լուրերը և նամակները հանգեցրին մասսայական անկարգությունների, վնասվածքների և 7 մարդու մահվան։

Facebook–ը պայքարում է կեղծ լուրերի տարածման դեմ։ Անցյալ տարի ընկերությունը կազմել է մոդերատորների խումբ, որն ստուգում է լուրերը, դրանցում նշված փաստերը և արգելափակում է արժանահավատություն չներշնչող հոդվածները։