Ստեղծվել է «էլեկտրոնային մաշկ», որը կարող է ինքնուրույն վերականգնվել

Գիտնականներն ստեղծել են «էլեկտրոնային մաշկ», որը կարող է հաջողությամբ ինքնուրույն վերականգնվել։

«Էլեկտրոնային մաշկի» կառուցվածքն ու կազմությունը մանրամասն նկարագրված է Science Advances–ում։ «Մաշկում» ինտեգրված են ճնշումը, ջերմաստիճանը, խոնավությունը չափող սենսորներ։ Որպես հիմնարար նյութեր օգտագործվել են արծաթե նանոպլաստիկներ։

Վնասվելու պարագայում`«մաշկը» կարողանում է ինքնուրույն վերականգնել քիմիական կապերը, ճկվել և ընդունել սկզբնական տեսքը, ընդ որում` չկորցնելով ֆունկցիոնալությունը, գրում է The Verge–ը։

Եթե վնասվածքը բավականին մեծ է, վերականգնվելու պրոցեսը արագացնելու համար կարելի է օգտագործել հատուկ լուծույթ, այնուհետև կրկին օգտագործել այն։

«Էլեկտրոնային մաշկի» ստեղծողների կարծիքով` նմանատիպ տեխնոլոգիաները ապագայում կարող են կիրառվել բարձր տեխնոլոգիական պրոթեզներում, ռոբոտների մշակման ընթացքում և «խելացի» կտորների արտադրությունում։ Նմանատիպ մշակումներ կատարվում են աշխարհի տարբեր երկրների լաբորատորիաներում։ «Էլեկտրոնային մաշկի» նմանատիպ տարբերակներից մեկն էլ թույլ է տալիս ժեստերով կառավարել վիրտուալ օբյեկտերն առանց դրանց դիպչելու` մագնիսների օգնությամբ։ Մեկ այլ «մաշկ», որն արտադրվել է Ճապոնիայում, «խելացի» վերնաշապիկը վերածում է  տեսախաղերը կառավարելու սարքի։