SmartGateVC հիմնադրամը ներդրում է ստացել հայտնի ներդրող Թիմ Դրեյփերից

Սիլիկոնյան հովտում գտնվող վենչուրային SmartGateVC հիմնադրամը ներդրում է ստացել հայտնի ներդրող Թիմ Դրեյփերից, որը նախկինում ներդրումներ է կատարել Skype, Hotmail և Tesla ընկերություններում, նաև դեռևս 2014–ին անհավատալի ճշգրիտ կանխատեսումներ է արել բիթքոինի արժևորման, բլոկչեյն տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ։ Նա հրատարակել է իր Startup Hero գիրքը, որտեղ ծանոթացնում է վենչուրային ներդրումների համակարգին, սթարթափում  սուպերհերոսների մշակույթին, հաջողելու գաղտնիքներին։ 

SmartGateVC-ն նորաստեղծ վենչուրային ընկերություն է, որին աջակցում են Սիլիկոնյան հովտի ներդրողները՝ թիրախավորելով Հայաստանում ՏՏ ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության և իրերի համացանցի (IoT) ոլորտներում։

SmartGateVC–ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը 2015–ին Սիլիկոնյան Հովտում աշխատել է աշխարհում հայտնի Draper Venture Network վենչուրային ընկերությունում, մասնակցել է դրա բաղադրիչ մասերից մեկը հանդիսացող Draper University of Heroes ուսումնական ծրագրին։ Այնուհետև վերադարձել Հայաստան և շարունակել իր գործուներությունը։ Ընկերների` Վազգեն Հակոբջանյանի և Աշոտ Արզումանյանի, հետ ստեղծել են SmartGateVC վենչուրային հիմնադրամը։ Թիմ Դրեյփերը վստահելով Համաբարձումին` նկատել և ուշադրություն է դարձրել Հայաստանում զարգացող հնարավորություններին։

«Դրեյփեր համալսարանը յուրահատուկ վայր է, մենք հավատում ենք մեր ուսանողներին և աճակցում նրանց նախաձեռնություններին։ Մենք նաև հավատում ենք, որ մեր ուսանողները կտարածեն սուպերհերոսների մշակույթն ամբողջ աշխարհում և այն ավելի լավը կդարձնեն։ SmartGateVC–ում ներդրումը ներկայացնում է, իմ վստահությունը ուսանողներիցս մեկի հանդեպ և այն ինչ նա ծրագրում է անել Հայաստանի սթարթափ էկո–համակարգի համար իր թիմի ու իր շուրջ համախմբած ձեռներեցների հետ»,– ասում է Թիմ Դրեյփերը։

«Մենք անչափ ուրախ ենք Թիմի աջակցության համար։ Սա շրջադարձային իրադարձություն է մեզ ու նաև հայակական էկո–համակարգի համար։ Այսօր Draper Venture Network–ը ներգրավված է աշխարհի շուրջ 60 քաղաքներում և ղեկավարում է 1,8 միլիարդ դոլարի ակտիվներ ավելի քան 500 պորտֆելի ընկերություններում»,– նշում է Համբարձումը։ 

SartGateVC-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանն էլ նշել է, որ միշտ երազել է հիմնել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են SpaceX–ը, Tesla–ն, Facebook–ը, Google–ը,  որոնք փոխում են մարդկությանը դեպի լավը. «Ես երազել եմ ընկերներիս հետ ստեղծել տարբեր հիմնադիրների, գիտնականների և ներդրողների համայնք»։ 

Աշոտ Արզումանյանի խոսքով` փնտրում են տեխնիկապես գերազանց, ընդունակ թիմերի, որոնք անկոտրելի են։

SmartGateVC-ն արդեն հսցրել է իր առաջին ներդրումները կատարել հայկական ընկերություններում`«Տելեկոմ» օպերատորներին ու տվյալների կենտրոններին մատչելի ցանցային լուծումներ առաջարկող XCloud Networks–ում, ինչպես նաև  2Hz սթարթափում, որը նոր մոտեցմամբ լուծում է հեռահաղորդակցության ժամանակ աղմուկի վերացման խնդիրը՝ օգտագործելով նեյրոնային ցանցերը։ 

Վերջերս, SmartGateVC-ն հայտնեց Microsoft–ի հետ համագործակցության մասին, որի արդյունքում վենչուրային հիմնադրամի պորտֆելի բոլոր ընկերությունները կկարողանան դիմել Microsoft BizSpark ծրագրին, որը թույլ է տալիս օգտվել մինչեւ 120 000 դոլարին համարժեք Azure ամպային ծառայությունից, բացի այդ Microsoft Accelerator-ից և Microsoft Ventures-ից տրամադրվող այլ հնարավորություններ ձեռք բերել։

Նունե Գրիգորյան