Կանայք և IT-ին։ Դժվարությամբ հարթվող ճանապարհը

Մայրության և գեղեցկության տոնին` մարտի 8–ին, ընդառաջ Ittrend.am–ը ուսումնասիրել, զրուցել ու մի քանի հետաքրքիր փաստ է պարզել  IT աշխարհի կանանց մասին։ Նրանք ուժեղ են, համառ, նպատակային և կարծրատիպեր կոտրող։ Բայց, ուղին հարթ չէ և տեխնոլոգիաներ ոլորտում հայտնված կանայք առավել դժվարությամբ են հարթում այն։ Հրաչուհի Բարսեղյանից պարզել ենք, թե ինչ դժվարությունների է հանդիպում կինը տեխնոլոգիաների աշխարհում։ 

 

 

-Ինչքանո՞վ է կինը կապված  It–ին և ինչքանո՞վ է հեռու դրանից։

–Շատ հետաքրքիր կարծրատիպ կա, որ բոլոր այն ոլորտները, որոնք տեխնիկական հմտություններ են պահանջում,պետք է տղամարդկանց դոմինանտությամբ լինեն։ Իրականում, եթե մենք նայենք վերջին տարիների զարգացումներին, կտեսնենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ավելի շատ հումանիտար ուղղությամբ է շարժվում։ Սա նշանակում է, որ կանանց ներդրումը այս ոլորտում մեծացել է։ Ընդ որում, աշարհում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք նախապատվությունը տալիս են կին ղեկավարներին։ Անգամ, եթե նայենք` բուհերում ովքեր են ընդունվում ծրագրավորման, մաթեմատիկայի ֆակուլտետներ, կտեսնենք, որ կանանց ու աղջիկների թիվն էլ բավական մեծ է։ Կարծում եմ, մենք առաջիկայում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կտեսնենք կանացի հեղափոխություն, ինչը, միանշանակ կլինի հօգուտ ոլորտի, որովհետև դա նոր որակ է, գույն, մտածողություն։

–Ինչքա՞ն  ժամանակ եք ոլորտում եղել։

–Մոտ երկու տարի է տևել, մեր բջջային հավելվածն էինք ստեղծում(Hurry up)։ Ես ղեկավարել եմ  այդ բջջային հավելվածի մենեջմենթը, մարկետինգի մասը։

 

–Ի՞նչ անելիքներ ունեն կանայք այս ոլորտում, ինչը առանց նրանց գլուխ չի գա IT աշխարհում։

–Քանի որ ժամանակակից աշխարհը արդեն գնում է հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման ուղղությամբ, ակնհայտ է, որ առանց կանանց այդտեղ հնարավոր չէ, որովհետև հարաբերություններ ստեղծելու տեսանկյունից կինը բնածին հակումներ ունի, որոնք այսօր ցանկացած ոլորտի համար անհրաժեշտ են։Բայց, հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքները հիմնականում նյութական չեն, այստեղ շատ ավելի է կարևորվում այդ հմտությունը։ Ի՞նչ ունեն կանայք այստեղ անելու։ Առաջին հերթին` չվախենալու, որովհետև մանավանդ Հայաստանում մեզ դաստիարակում են այնպես, որ կինը պետք է ունենա հումանիտար մտածողություն և չի կարող լինել լավ ծրագրավորող, ֆիզիկոս, քիմիկոս։ Բայց մենք այստեղ շատ ասելիք ունենք ու պիտի ասենք։ Սկզբի համար պետք է այդ հոգեբանական խնդիրը հաղթահարենք։

–Ի՞նչն էր Ձեզ համար դժվար ոլորտում։

–Առաջին հերթին ինքս ինձ հետ պայքարելն էր դժվար։ Կրկին կարծրատիպերն էին մեղավոր։ Մյուս կողմից ինձ շատ էր օգնում բիզնեսում ստացած հմտություներն ու գիտելիքները։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, որովհետև երբ դու մտնում ես մի ոլորտ, որտեղ ծրագրավորողը, դիզայները, բոլորը տղամարդ են և միակ կինը խմբում դու ես,այդտեղ և՛ կարիք ունես հաստատվելու, և՛ ինքնահաստատվելու սկզբում քեզ համար, հետո` միջավայրի։ Մեծ պատասխանատվություն էր, որովհետև դու ոչ միայն քեզ համար ես պատասխանատու, այլ երկիր մոլորակի ամբողջ իգական սեռի ներկայացուցիչների համար։ Դա բարդ էր։ Բայց այս շրջանը կարճ տևեց ինձ մոտ։

–Դուք միակ կինն էիք ձեր թիմում, իսկ մրցակցություն կա՞ր Ձեր և թիմի արական սեռի ներկայացուցիչների միջև։

–Ծրագրավորողներն ու ՏՏ ոլորտի տղամարդիկ հետաքրքիր են այն առումով, որ ներքին մրցակցություն չունեն և երբ, դու մուտք ես գործում այդտեղ, դառնում ես իրենցից մեկը և քեզ հետ էլ հատուկ մրցակցություն չեն դրսևորում, բայց մեկ–մեկ ասում էին` հա դե լավ, կնոջ խելքը կարճ և այլն։  Ամեն դեպքում, այդ ստերեոտիպային մտածողությունը կա, թեև ոլորտի տղամարդիկ շատ են տարբերվում մյուսներից։

–Իսկ ի՞նչ  սեփական աշխատանքային  կանոններ եք մշակել, որոնք գուցե գոյություն չէին ունենա, եթե կին կանգնած չլիներ այդ ամենի հետևում։

–ՏՏ ոլորտի մարդիկ քիչ հաղորդակցվող են, պարփակված են իրենց էկրանի մեջ և այստեղ է, որ կանայք իրենց դերակատարությունը  ունեն և բոլորին ստիպում են որպես թիմ ու մի օրգանիզմ աշխատել։ Ամենակարևոր կանոնը մեզ մոտ ամեն ինչ քննարկելն էր, նույնիսկ այն, թե ինչ պիտի իրենք կոդում փոփոխեին, որից ես շատ բան  չէի հասկանում։ Դու որպես ղեկավար ինչ–որ առումով իրավունք էիր ունենում ասելու` ժողովուրդ, գիտեք ինչ, մենք բոլորս մեկ ենք և պետք է հաղորդակցվենք միմյանց հետ։ Այդ ներդրումը ունեցել եմ մեր թիմում։

–Մենք տեխնոլոգիաների ոլորտի մասին պատկերացումներ ունենք տղամարդկանց պատմածով, իսկ ի՞նչ տեսք ունի այն ոլորտի կանանց աչքերով։

–Ոլորտը ապագայի մասին է և մենք բոլորս պիտի գիտակցված մոտենանք այն ամենին, ինչ ոլորտում ստեղծում ենք, որովհետև դա պիտի լինի հօգուտ, ոչ թե` ընդդեմ։ Մտավախությունները այստեղ բազում են։ Կյանքը տեխնոլոգիաների շնորհիվ հեշտացել է, բայց մենք պետք է հասկանանք` ինչն ենք կորցնում սա ձեռք բերելով։ Մենք կորցնում ենք մարդկային հարաբերություներում։ Ոլորտում որպես ազգ շատ ասելիք ունենք, ու առհասարակ ասելիք ունենք այն ոլորտներում, որոնք ուղեղահեն են, ուղեղի արգասիքը կարևոր է։ Սա կարևոր ոլորտ է մեզ համար, ու այո, մենք մի քիչ էլ պիտի մեզ նեղություն տանք, որ ոլորտը ավելի ինտենսիվ զարգանա։

 

Սյուզան Թոսունյան