IravaTech համաժողովը կանցկացվի մարտի 15–ին և 16–ին

Մարտի 15-ին Երևանում արդեն երկրորդ անգամ կմեկնարկի «Լույս» հիմնադրամի նախաձեռնած Irava-Tech իրավատեխնոլոգիական համաժողովը, որի նպատակն է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։
2017-ին մեծ հաջողությամբ և հանրային ակտիվ ներգրավումով կայացավ առաջին «ԻրավաՏեկը», որի կենտրոնում հետևյալ թեմաներն էին՝ տեխնոլոգիական ընկերությունների համար հարկային արտոնությունների սահմանում, տվյալների գաղտնիության ապահովում, արտոնագրային իրավունք և արտոնագրման գործընթաց, ֆինանսավորման արդյունավետ աղբյուրների հայթայթում և այլն։

Irava-Tech 2018-ին հրավիրվել են մասնակցելու ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ստարտափներն ու ակսելերատոր ընկերությունները, մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանները և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նշված ոլորտներով:

Հրավիրված փորձագետ-բանախոսներն ինտերակտիվ դասախոսությունների, խաղ-վարժանքների միջոցով արժեքավոր գիտելիքներ կփոխանցեն մասնակիցներին հետևյալ ոլորտների վերաբերյալ՝
– մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն,
– ներդրումների կառավարում,
– գյուտերի արտոնագրում և հարակից այլ ոլորտներ:

Կազմակերպիչները «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ են, ովքեր իրավագիտություն են ուսումնասիրում աշխարհի լավագույն համալսարաններում։ Հարվարդում, Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում սովորող հայ երիտասարդները համաժողովին մասնակցելու համար կապ են հաստատել իրավունքի և տեխնոլոգիայի ոլորտների առաջատար ներկայացուցիչների հետ։

Բանախոսների թվում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO) Րաֆֆի Գրիգորյանը, ամերիկյան Salesforce ՏՏ ընկերության՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հանրային քաղաքականության գծով տնօրեն Սասուն Գրիգորյանը, SalesNative և Contexti ընկերությունների ռազավարական խորհրդատու և հիմնադիր Սիդնի Մինասյանը, SmartGateVC վենչուրային ընկերության համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, տեխնոլոգիական ստարտափների հիմնադիրներ, մտավոր սեփականության և արտոնագրման ոլորտներում մասնագիտացած առաջատար իրավաբաններ և այլք։