Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու այդ գործում «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ գործակցությունը:
Իր հերթին Ռոնալդ Բինկոֆսկին ներկայացրել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում թվային համակարգի զարգացման, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ավելացման, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման ուղղությամբ տարբեր առաջարկություններ: Ռոնալդ Բինկոֆսկին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման և այս բնագավառում իրենց հարուստ փորձն ու կարողությունները փոխանցելու գործում:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: