Միջազգային կազմակերությունը Հայաստանում «Տվյալների մշակման կենտրոն» ստեղծելու ցանկություն ունի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 11-ին ընդունել է «Տվյալների մշակման կենտրոնների» (Data center) ստեղծման ոլորտում մասնագիտացած «ETIX EVERYWHERE» ընկերությունների խմբի պատվիրակությանը՝ միջազգային բիզնեսի զարգացման մասնագետ Մուհամեդ Եղթեդարի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

«ETIX EVERYWHERE»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց գործունեության շրջանակները։  Նշվեց, որ ծրագրեր են իրականացնում տարբեր մայրցամաքներում՝ Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի երկրներում։

Մուհամեդ Եղթեդարն ասաց, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով, և այստեղ տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն» կառուցելու ցանկություն ունեն։

Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու նախաձեռնության իրականացմանը։ Նա ընդգծեց մասնագիտական «Տվյալների մշակման կենտրոններ» ունենալու կարևորությունը և իր դրական դիրքորոշումը դրանց ստեղծման և զարգացման վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատարը հյուրերին ներկայացրեց ՏՏ ոլորտի հայ մասնագետների կարողություններն ու ներուժը և հույս հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ ընկերությունը կարող է մտածել նաև հայաստանյան ՏՏ շուկայի ուսումնասիրության և գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «ETIX EVERYWHERE»-ի հետ համագործակցության ուղղությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ առավել հանգամանալից քննարկել ներկայացված ծրագրի իրականացման մանրամասները և հնարավորությունները։