ԵԱՀԿ-ն կրկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին վերանայել Telegram-ն արգելափակելու մասին որոշումը

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեն Դեզիրը կրկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին վերանայել Telegram-ն արգելափակելու մասին որոշումը:

«Ես կիսում եմ բազմաթիվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մտահոգությունը Telegram-ի եւ Ռուսաստանում համացանցի ազատության այլ սպառնալիքների մասին: Եվ ես հիշեցնում եմ իմ հայտարարության մասին, որով խնդրել էի իշխանություններին վերանայել այս սահմանափակող միջոցը եւ նպաստել ազատ, անկախ եւ բազմակողմանի հաղորդակցության միջավայրի ստեղծմանը», —Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արլեն Դեզիրը:

Նախկինում նա հայտարարել էր, որ Telegram-ի արգելափակման որոշումը սահմանափակում է Ռուսաստանում խոսքի ազատությունը:

Մոսկվայի Տագանսկի դատարանի որոշման համաձայն՝ ԱԴԾ-ին կոդավորման վերաբերյալ տեղեկատվության փոխանցման մերժման պատճառով «Ռոսկոմնադզորն» ապրիլի 16-ին Ռուսաստանում սկսեց արգելափակել Telegram մեսենջերը: