Հրապարակվել է Սթիվեն Հոքինգի աշխատությունը. Մեծ պայթյունի և դրա հետևանքների մասին պատկերացումները փոխվել են

Անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նոր աշխատությունը, որը նա գրել է իր բելգիացի գործընկեր Թոմաս Հերթոգի հետ, գլխիվայր շրջում է մեծ պայթյունի և դրա հետեւանքների մասին պատկերացումը:

Ժամանակակից գիտնականների շրջանում տարածված տիեզերքի առաջացման տեսության համաձայն՝ մեծ պայթյունից հետո տեղի է ունեցել «տիեզերական ինֆլյացիա», որի արդյունքում ստեղծվել են բազմաթիվ գալակտիկաներ, աստղեր, ինչպես նաև «գրպանային տիեզերքներ», որոնք ձևավորել են, այսպես կոչված, «մուլտիտիեզերքը»: Այս բոլոր «գրպանային տիեզերքներում» ֆիզիկայի օրենքները միմյանցից արմատապես տարբերվում են:

Հոքինգն ու Հերթոգը իրենց աշխատության մեջ վիճարկում են հենց  այս միտքը: Գիտնականները ենթադրում են, որ բոլոր «գրպանային տիեզերքներում» ֆիզիկայի օրենքները նման են:

«Հին տեսության մեջ կային բոլոր տեսակների տիեզերքները՝ մի մասը դատարկ էր, մյուսները նյութով լցված, մի մասը չափազանց արագ էր ընդարձակվում, իսկ մյուս մասը չափից ավելի դանդաղ էր զարգանում: Տարբերությունները մեծ էին: Եվ հանելուկային էր՝ թե մենք ինչու ենք յուրահատուկ տիեզերքում բնակվում, որտեղ ամեն ինչ նախատեսում է կյանքի ծնունդը»,- գրել է Հերթոգը :

«Այս աշխատությամբ մենք մեկ քայլ առաջ են անում  այս  հարցում: Այն մուլտիտիեզերքը հանգեցնում է տիեզերքների ավելի կառավարելի` մեկը մյուսին նման  լրակազմի: Այսպիսով, ենթադրվում է, որ  մենք կարող ենք հասնել տիեզերագիտության ամբողջությամբ կանխատեսելի հիմքերին»,- եզրակացրել է գիտնականը:

Հոքինգի և Հերթոգի տեսության հիմքը  տիեզերքի՝ «ընդարձակ ևբարդ հոլոգրամի նմանությունն է:

«Այլ կերպ ասած՝ եռաչափ իրականությունը պատրանք է, և մեր շուրջը «ամուր» թվացող աշխարհը, ինչպես նաև ժամանակի տարածությունը պրոյեկտվում են այն տեղեկությունից, որը պահպանվում է հարթ երկչափ մակերևույթին»,- նշում է աշխատության մեջ:

Աշխատությունը լույս է տեսել մեծ գիտնականի մահից հետո: Հիշեցնենք, որ  Հոքինգը մահացել է այս տարվա մարտին 76 տարեկանում: Նա տասնամյակներ շարունակ պայքարել է անբուժելի հիվանդության՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ, բազմաթիվ գիտական աշխատությունների ու հիմունքների հեղինակ է: