NASA-ն Մարս կուղարկի ուղղաթիռ

NASA-ն մտադիր է 2020 թվականի հուլիսին Մարսի հետազոտման հերթական առաքելության շրջանակում ուղեծիր դուրս բերել  ոչ մեծ ուղղաթիռ:

Հավանական է, որ  թռչող սարքը, որի մշակումները սկսվել են դեռեւս 2013-ին, մոլորակ հասնելուց  հետո մակերևույթին մի քանի թեստային թռիչքներ կկատարի նոր մարսագնացի հետ:

«NASA-ն հայտնագործությունների մեծ պատմություն ունի: Այլ մոլորակի երկնքում ուղղաթիռի թռիչքի իրականացումն ուղղակի կախարդական է: Մարսում այս ուղղաթիռը մեր գիտության ապագայի, մեր հայտնագործությունների և Կարմիր մոլորակի հետազոտությունների առաքելությունների համար մեծ պոտենցիալ ունի»,- ասել է NASA-ի նոր տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը:

Գերատեսչությունից նշել են, որ թռչող սարքի փորձարկումների ծրագրի ընթացքում, որը մյուս սարքավորումների հետ Մարս է հասնելու 2021 թվականի փետրվարին, այն առնվազն 5 թռիչք կիրականացնի՝ մինչեւ 90 վայրկյան տեւողությամբ: Առաջին նման թռիչքի շրջանակում սարքը օդ կբարձրանա 3 մետր և այս բարձրության վրա պետք է մնա 30 վայրկյան: