Apple-ը ներկայացրել է Apple Watch-ի և Mac-ի համար նախատեսված ծրագրային ապահովում

Apple–ը ներկայացրել է Mac-ի սեղանի համակարգիչների և Apple Watch-ի համար նախատեսված ծրագրային ապահովումը:

Apple Watch-ի համար այս տարի ավելի ուշ ընկերությունը խոստանում է թողարկել watchOS 5–ը: Սարքի բազմաթիվ նոր հնարավորությունները օգտատերերի համար կհեշտացնեն սպորտով զբաղվելը, այդ թվում՝ խմբերով:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է այլ օգտատերերի հետ ոչ մեծ մարզական մրցումների անցկացման ծրագրային ապահովմանը: Նորույթը նաև կներառի սարքի տիրոջ ֆիզիկակակն վիճակը հսկելու գործիքների օպտիմալացումը: Ժամացույցներն, օրինակ, կսովորեն հաշվել, թե քանի կալորիա է ծախսվել յոգայով զբաղվելու վրա: Դրանք նաև կարող են ինքնուրույն որոշել՝ երբ է օգտատերը սկսել զբաղվել սպորտով:

Apple-ում խոստանում են, որ ժամացույցներն ավելի արդյունավետորեն են գործակցելու Siri ձայնային օգնականի հետ: Վերջինիս հնարավոր կլինի ավելի շատ հրահանգներ տալ:  Mac  համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգի նոր տարբերակը ստացել է macOS Mojave անվանումը:

Դրանում մեծ ուշադրություն է դարձված օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությանը: Մասնավորապես, կարելի կլինի նշել, թե տվյալների ինչ խմբերի հետ կկարողանան առնչվել այս կամ այն հավելվածները: Նորացման մեջ լրացուցիչ գործիքներ են ներառված Safari բրաուզերի համար: Դրանում կարելի կլինի գործարկել ռեժիմ, որում սահմանափակված է սոցիալական ցանցերում օգտատերերի վերաբերյալ տվյալների հավաքումը: