Twitter սոցիալական ցանցում օգտատերերը սկսել են բողոքել՝ Facebook-ի և Instagram-ի միացումից: Ավելի վաղ Ittrend.am-ը տեղեկացրել էր, որ Instagram-ում այսուհետ կարելի է տեսնել նաև Facebook-ի ծանուցումները: Դրա համար պարզապես պետք է անցնել հաշվի գլխավոր էջ: Ձախ վերին անկյունում՝ Facebook-ի տարբերանշանի վրա պարբերաբար հայտնվում են թվեր, որոնք ցույց են տալիս ծանուցումների քանակը կապույտ սոցցանցում:
Շատ օգտատերերի նորույթը դուր չի եկել: Ավելին՝ նրանցից շատերը կարծում են, որ Facebook-ի ղեկավարությունը իրավասու չէ որոշումներ կայացնել օգտատերերի փոխարեն՝ ցանկանում են նրանք տեսնել սոցցանցի ծանուցումները Instagram-ում, թե՝ ոչ:
Տվյալ պահին գործառույթը թեստավորման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար: Չնայած դրան, ցանցաբնակներն արդեն սկսել են բողոքել:
Ընկերությունը դեռ չի արձագանքել բողոքներին: