Հաջողություններ գրանցվել են ՏՏ ոլորտում, բայց համագործակցության մեծ պոտենցիալ կա այլ ոլորտներում. Նախարարը՝ դեսպանին

Որոշակի հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն կա նաեւ մեծ պոտենցիալ մյուս ոլորտներում եւս համագործակցությունը զարգացնելու եւ առաջ մղելու համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ  եւ լիազոր դեսպան  Լուկաս Գասսերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նախարարն անդրադարձել է  հայ-շվեյցարական կապերի ամրապնդման հնարավորություններին: Նա ընդգծեց մեր երկրի պատրաստակամությունը՝ ներդնելու բոլոր ջանքերն ավելի բարելավելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռոումինգի և հեռահաղորդակցության ոլորտի գործակցության հեռանկարները, բեռնափոխադրումների ոլորտում Շվեյցարիայի աջակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: