Մեկնարկել է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը

11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի մեկնարկը տրված է: Երկօրյա բիզնես ֆորումը անց է կացվում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ)  կողմից ՀՀ կառավարության աջակցությամբ:

Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ներկայացրել երկօրյա ֆորումի առանցքային թեմաների կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Թվային Հայաստան» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Տիգրան Ճորոխյանը, նշելով. «Այս միջոցառումը անգնահատելի հնարավորություն է ոչ միայն մասնավոր ընկերությունների, այլ նաեւ պետական սեկտորի՝ մասնավորապես Կառավարության համար: Կարևոր է նման դինամիկ միջավայրում շփվել, ծանոթանալ համաշարհային միտումներին, մշակել համապատասխան ռազմավարություն»: Տ. Ճորոխյանը նաեւ կարեւորեց պետության և մասնավոր սեկտորի սերտ համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի նորարակական զարգացմանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի ծրագիրը, կարեւորելով այն նախ՝ պատերազմական երկրի անվտանգության, ապա՝ համաշխարհային զարգացման տենդենցներին համընթաց շարժվելու տեսանկյունից:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի շրջանակում առանձին մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում հետեւյալ թեմաներով. ռազմարդյունաբերություն (փակ քննարկում), կրթություն, կիբեռանվտանգություն, վերականգնվող էներգիա, էլեկտրոնային կառավարում, իրերի ինտերնետ (IoT), լրացված և վիրտուալ իրականություն (AR/VR), արհեստական բանականություն և տվյալների գիտություն, ինչպես նաև ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ՝ GDPR, որը վերջին շրջանում հույժ կարևորություն է ձեռք բերել: Ամբողջական օրակարգը՝ www.businessforum.am կայքում կամ այստեղ:

Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում: Ֆորումի գործնական և արդյունավետ բովանդակությունը ապահովվում է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացման, ինչպես նաև գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավման միջոցով:   Այս տարի ֆորումի շրջանակում կքննարկվեն Հայաստանի տեխնոլոգիական կոմպլեքս մոդեռնիզացիայի մոտեցումները ու արդյունքները կներկայացվեն կառավարությանը:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո: