Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) մեկնարկում  է Հայաստանում Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը:

Միջոցառման նպատակն է ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները և քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խթանել կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակումը հետևյալ հիմնական ուղղություններում` էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ և 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիո-ճարտարագիտություն և քիմիա, մեծ տվյալների մշակում և այլն:

Ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև  տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված այս համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 300 մասնակիցներ՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան և արտերկրի ներկայացուցիչներից: Ավելի քան 35 տեղական և միջազգային կազմակերպություններ իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայութունները կներկայացնեն ցուցահանդեսային հատվածում:

Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը կազմակերպում է  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Գործընկերներն են՝ ՀՀ կառավարությունը, Եվրոպական Միությունը իր «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով, PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ինժեներական ասոցիացիան, Նեյշնլ Ինսթրումենթը, ԱյԲիԷմ-ը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային կենտրոնը, Ռոստելեկոմը։

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը յուրահատուկ ուշադրություն է դարձնում ինժեներական ոլորտին։ Այս միջոցառումը նոր էջ կբացի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Հայաստանում ինժեներական և տեխնոլոգիական ոլորտների վրա ուշադրությունը երկրի տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն ունի ։ Ինժեներական ոլորտով հետաքրքրված մարդկանց ներգրավումը օգնում է ավելի ամուր հիմք ստեղծել ոլորտում և հնարավորություն է տալիս անհատներին իրագործել սեփական գաղափարները։