Հայաստանում 2019-ը տեխնոլոգիապես հագեցած տարի է լինելու: Մեզ մոտ է գալիք տարում անցկացվելու է համաշխարհային մասշտաբի տեխնոմիջոցառումներից մեկը՝ WCIT 2019-ը։ Հոկտեմբերրի 6-9 ժամանակահատվածում Հայաստան կժամանեն ավելի քան 2000 ՏՏ հայտնի ընկերություններ ու գործիչներ:
Սեպտեմբերի 7-ին կայացած Հայ-ամերիկյան ֆորումի շրջանակում արդեն ներկայացվել է ՏՏ համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի օրակարգային թեմաները: Բացի այդ արդեն տրվել է նախնական գրանցման պաշտոնական մեկնարկը: Գրանցվել կարելի է այստեղ ։
Այս կապակցությամբ ittrend.am-ը հանդիպել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնակարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի հետ և մի քանի հարց ուղղել, թե ինչ է սպասվում 2019 հոկտեմբերի 6-9 Հայաստանում:
-Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում 2019 թվականին սպասվելիք WCIT 2019 միջոցառմանը: Պետությունն ունենալո՞ւ է իր ներդրումը ոչ միայն ֆինանսապես, այլ նաև բովանդակային առումով:
— Ընդհանրապես, գնահատելով ԱՏՁՄ-ի դերը, չէի ուզենա թերագնահատենք նաև պետության դերը, որովհետև WCIT 2019-ը պետական մասշտաբի միջոցառում է ու պետությունն անդամավճար է տալիս և ֆինանսական հսկայական աջակցությունն է ցուցաբերում այս միջոցառման անցկացման նպատակով: Ինչ վերաբերում է մեր բովանդակային մասնակցությանը, այս պահին որոշ նախագծեր կան: Քանի որ մեծ միջոցառում է և համաշխարհային մասշտաբի մարդիկ ու ընկերություններ են գալու, պլանավորում ենք, ի շահ Հայաստանի և ի շահ Hitech ոլորտի, ընդգրկուն այլ միջոցառումներ նույնպես իրականացնել համաժողովի շրջանակում: Հիմա մի փոքր շուտ է խոսելը ամբողջական տեսքի մասին, ԱՏՁՄ-ի հետ աշխատանքներ ենք տանում միջոցառման կազմակերպչական մասի վերաբերյալ:
-Մի քանի բառով խոսենք դրանց մասին:
— Պլանավորում ենք մեծ միջոցառումից առաջ կամ հետո նաև կազմակերպել տարածաշրջանային մեծածավալ Startup Summit՝ Ազգային վենչուրային ֆոնդի մասնակցությամբ, եթե այդ ժամանակահատվածում արդեն հասցրած լինենք այն ձևավորել:
-Այսինքն՝ վենչուրային ֆոնդը ստեղծում է պետությունը և այն պատկանելո՞ւ է բացառապես պետությանը:
— Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության կազմում, հունիսին Կանադա և ԱՄՆ գործուղումների ընթացքում ներկայացրել եմ Ազգային վենչուրային ֆոնդի ծրագիրը, որտեղ պետության մասնակցությունը պլանավորվում է 50+1 տոկոսով Այսինքն՝ Հայաստանի հանրապետությունը ունենալու է 51 տոկոս բաժնեմաս, իսկ մնացած 49 տոկոսը պատկանելու է տարբեր ներդրողներին: Այստեղ կարող են լինել և՛ անհատ գործարարներ, ֆոնդեր և՛ այլ վենչուրային կազմակերպություններ:
-Նշում եք, որ պետությունը ունենալու է առյուծի բաժինը՝ ենթադրելի՞ է, որ ֆոնդում ընդգրկվեն պետական այրեր:
-Այստեղ պետական դեմքեր չեն լինելու ներգրավված, այլ պետությունը բերելու է իր ուժի և ազդեցության շրջանակներում այնպիսի մարդկանց, որոնք այդ ֆոնդն իսկապես ազդեցիկ ու աշխատող կդարձնեն։
-Ի՞նչ ձևաչափով պետք է աշխատի ֆոնդը՝ նպատակին ծառայելու համար:
-Պետք է լինի պրոֆեսիոնալ վենչուրային ֆոնդի գործառույթներով՝ պրոֆեսիոնալ կառավարիչով, բորդով, մենք ներգրավելու ենք ոլորտի համաշխարհային գերաստղերին: Անուններ չեմ ուզում տալ, նոր ենք սկսել բանակցել նրանց հետ:
-Ինչո՞վ է զբաղվելու Ազգային վենչուրային հիմնադրամը:
— Հիմնադրամը ներդրումներ է կատարելու այն ստարտափ ընկերություններում, որոնք գործունեություն են ծավալում արհեստական բանականություն, կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, կիբեր անվտանգություն, բլոկչեյն տեխնոլոգիաների ոլոտում, արդյունաբերության կիրառական այնպիսի ճյուղերում ինչպիսիք են՝ մեքենշինություն, առողջապահություն, պաշտպանություն, ռոբոտաշինություն, 5G կապի տեխնոլոգիաներ:
-Իսկ Ալեքսիս Օհանյանի մասնակցությունը հաստատվե՞լ է, Հայաստան կատարած այցի ժամանակ Վարչապետը,կարծես թե, նրան հրավիրել է 2019-ին Հայաստան՝ WCIT-ին մասնակցելու համար:
-Չեմ կարող ասել: Տեղյակ չեմ, տեղեկատվություն էլ չունեմ այդ մասին: Եթե հաստատվի, մենք անպայման կտեղեկացնենք դրա մասին:
WCIT-ը IT ամենալայնամասշտաբ միջոցառումներից մեկն է, որն ընդգրկում է գրեթե բոլոր երկրները: Համաժողովին նույն հարկի տակ երեք օր հավաքվում են աշխարհին հայտնի ՏՏ գործարարները, գիտնականները, տեխնո համալսարանների ներկայացուցիչները և ստարտափները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն իր մեկնարկը սկսել է 1978 թվականից: 2019-ին այն կանցկացվի Երևանում: