Շիրակի մարզում վերապատրաստված սկսնակ ծրագրավորողները ծանոթանում են հնարավոր գործատուների հետ

Հոկտեմբերի 5-6-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ նորարարական ձևաչափի աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցեցին Շիրակի մարզում և Երևանում գործող ՏՏ ընկերությունները և Շիրակի մարզում բնակվող սկսնակ ծրագրավորողները։ 24-ժամյա HackaFair-ի ընթացքում վերապատրաստման դասընթացներ անցած Շիրակի երիտասարդները աշխատեցին թիմերով և մշակեցին տարբեր նորարարական լուծումներ, որոնք միջոցառման վերջում ներկայացրեցին պոտենցիալ գործատուներին։ Այսպիսով, գործատուները կարողանացան միջոցառման ընթացքում հետևել թիմերի աշխատանքին, հասկանալ նրանց տեսական գիտելիքները և գործնական հմտությունները։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը և Եվրոպական պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը։

«Hackafair-ը նոր ձևաչափ է, որը թույլ է տալիս կապ ստեղծել Շիրակի մարզում գործող ընկերությունների և սկսնակ ծրագրավորողների միջև։ Արդյունքում պոտենցիալ գործատուները կարողանում են գործնականում տեսնել ծրագրավորողների հմտությունները։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած երիտասարդներից շատերը այսօր կարողացան մոտիկից շփվել գործատուների հետ և ներկայանալ նրանց։», – իր ելույթում նշեց ՄԻԿ-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

HackaFair-ի ավարտին ՏՏ մասնագետներից բաղկացած ժյուրին գնահատեց բոլոր թիմերի կատարած աշխատանքը և արժանացրեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից տրվող մրցանակների։ Առաջին մրցանակի արժանացավ Chessify թիմը, որը մշակել էր լուծում՝ օգնելու ՀԴՄ-ների միջոցով դրամի որոշակի տոկոսի վերադարձի խնդիրը։ Երկրորդ և երրորդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար Bughunters և Evrika թիմերը։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը տրամադրեց նաև հատուկ մրցանակ՝ 150 հազար դրամի չափով, լավագույն կրթական լուծման համար, որին արժանացան Three nuts և Armenoids թիմերը։ Միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ տրամադրեցին նաև գործընկերներ gg ընկերությունը և Որակի ապահովման մասնագետների հայկական միությունը։

Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում ծրագրավորման դասընթացներ են անցել 240-ից ավել 17-35 տարեկան գործազուրկ երիտասարդներ։ Նրանցից շատերն արդեն իսկ աշխատում են Շիրակի մարզում գործող տարբեր ՏՏ ընկերություններում։