Palm ամերիկյան ընկերությունը վերադարձել է սմարթֆոնների շուկա՝ 2010 թվականին փակվելուց հետո: Ընկերությունը փոքր չափերի սմարթֆոն է ներկայացրել, որն ունի 3.3 դյույմանոց էկրան: Սա կարող է նոր խոսք լինել սմարթֆոնների շուկայում: Ի դեպ՝ նման անկյունագիծն ավելի փոքր է քան 2007-ին թողարկված առաջին iPhone-ները:
Չնայած փոքր էկրանին, մնացած չափորոշիչներով սարքը Android 8.1-ով աշխատող սովորական գաջեթ է: Այն ստացել է Snapdragon 435 պրոցեսոր, 3 գբ օպերատիվ և 32 գբ ներկառուցված հիշողություն:
Palm-ը վստահեցնում է՝ մարտկոցն այնքան հզոր է, որ մեկանգամյա լիցքավորմամբ սարքը կաշխատի 1 ամբողջ օր: Իսկ եթե մարտկոցը ապալիցքավորվի հոգ չէ, այստեղ ներդրված է արագ լիցքավորման գործառույթ՝ 50% 31 րոպեում և 100%՝ 68 րոպեում:
Ցանկության դեպքում Palm-ը կարելի է օգտագործել որպես ֆիթնես թևնոց: Ընկերությունը համապատասխան աքսեսուարները կթողարկի սմարթֆոնի հետ այս տարվա նոյեմբերին: ԱՄՆ-ի տարածքում գաջեթը կվաճառվի 349 դոլարով: