Սթիվեն Հոքինգի անվասայլակը և անձնական իրերը կհանվեն աճուրդի

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից մեկի՝ ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգի անձնական իրերը:

Ինչպես հայտնում է apnews.com-ը, հանգուցյալ գիտնականի անձնական իրերի շարքում են գիտական աշխատություններ, տիեզերքի ստեղծման վերաբերյալ դոկտորական թեզը, պարգևներ, ինչպես նաև անվասայլակը, որի միջոցով Հոքինգը տեղաշարժվում էր:

Christie’s-ի ներկայացուցիչ Թոմաս Վենինգը նշել է, որ ընդհանուր առմամբ ներկայացվելու է 22 նմուշ, որոնց շարքում ամենաարժեքավորը 130.000-195.000 դոլար գնահատված դոկտորական թեզն է:

Հիշեցնենք, որ Հոքինգը մահացել է այս տարվա մարտին: Նա 76 տարեկան էր: Պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։