Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել «Հիմնարկ» թիմում

«Հիմնարկ»-ի նոր նախագիծը «Հիմնարկ — մարդիկ» համակարգն է, որն օնլայն հարթակ է աշխատավարձի եւ դրա հաշվարկի հետ կապված կադրային գործի ավտոմատացման համար։ Այս ծրագրի միջոցով հնարավոր է համակարգում պարզապես ներմուծել աշխատակիցների տվյալներն ու աշխատանքային պայմանները, իսկ համարկարգն ավտոմատ գեներացնում է պայմանագիրը, վճարման փաստաթղթերը, անհրաժեշտ դիմումները կամ հրամանները։ Այսինքն՝ աշխատավարձի հաշվարկն ու կադրային փաստաթղթերը ստեղծվում են մեկ համակարգում՝ միեւնույն տվյալների հիման վրա։ Նորաստեղծ ընկերության համահիմնադիրներն են՝ Ռուբեն Օսիպյանն ու Սմբատ Պետրոսյանը։

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ բիզնես հրեշտակների թիմը վերջին ամիսներին ակտիվ աշխատել է այս ստարտափի հիմնադիրների հետ. «Ուրախ ենք հայտնել «Հիմնարկ»-ում մեր ներդրումների մասին։  Համագործակցության արդյունքում հասկացանք, որ «Հիմնարկ — մարդիկ»-ը կենսունակ արտադրանք է՝ ուժեղ եւ նվիրված թիմով, ուստի մեր բիզնես հրեշտակներին առաջարկեցինք դիտարկել որպես ներդրումային հնարավորություն։ Այսպիսով՝ BANA-ի բիզնես հրեշտակները համատեղ ներդրում արեցին «Հիմնարկ Մարդիկ» արտադրանքի համար»։

Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սա գործարար ներդրողների համատեղ ներդրման հրաշալի օրինակ է. «Ստարտափը հնարավորություն ունի օգտագործելու փորձառու մասնագետների գիտելիքն ու փորձը՝ ընդլայնելու եւ խթանելու իր արտադրանքը»։

Հավելենք, որ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ եւ այլազգի  գործարարներ եւ ներդրողներ են, ովքեր հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներ անելով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց մեծ փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ եւ օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։