Միջպետական ինովացիոն համագործակցություն Ռուսաստանի և Հայաստանի միջև

2018թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնը համատեղ կազմակերպել են միջպետական ինովացիոն համագործակցության գործարար հանդիպում «Նոր շուկաները և տեխնոլոգիաները` որպես միջպետական ինովացիոն համագործակցության զարգացման հնարավորություններ» թեմայով, որն անցկացվել է «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» միջոցառումների իրականացման շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանում ռուսական համալսարանների ուսանողների ասոցիացիայի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներ, «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» ՀԿ-ի, Wave – IT, ARSAR գիտահետազոտական կենտրոնի, ՀԱՀ ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի, HI-Tech Gateway Vanadzor Branch, Technosnab LTD, AMBS Holding Consulting Company LTD, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, Հայ-Ռուսական hամալսարանի, Միջազգային նեյրոբիոլոգիական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտների, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչներ ու հետաքրքրված անձինք:

Հանդիպումը կայացել է կլոր սեղանի ձևաչափով, որի նպատակն էր մասնագիտական խմբերի` նորարարների, գիտնականնների, ուսումնական հաստատությունների և պետական մարմինների կողմից նորարարության ոլորտի համակարգողների, ինչպես նաև նորարարության ոլորտում լայն փորձ և մտահորիզոն ունեցող այլ անձանց գործունեության ձևավորման և ապահովման խնդիրների քննարկումը:
Բացման խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել և կարևորել է քննարկումը Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:
Հանդիպմանը որպես զեկուցող մոդերատոր հանդես են եկել «ԼԻԿ Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտ. գիտ. թեկնածու Սերգեյ Իսաևը, «Տեղեկատվական և ինտելեկտուալ տեխնոլոգիաների ներդրում» ընկերության զարգացման տնօրեն, երիտասարդական քաղաքականության փորձագետ Դմիտրի Սապեգինը: Միջոցառմանը մասնակցել են նաև «ԼԻԿ Գրուպ» ընկերության միջազգային ծրագրերի փորձագետ Անտոն Կամենսկին և Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի ԱՊՀ համագործակցության տիրույթի ինտեգրման փոխկապվածության վարչության պետ Դենիս Պիրոգովը:

Կլոր սեղանի շուրջ քննարկումները ընթացել են հետևյալ ուղղություններով` ԱՊՀ երկրների նոր գլոբալ և ներքին շուկաների ձևավորման ընդհանուր սկզբունքներ, նոր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական հարթակների ձևավորման հիմնական մոտեցումներ, բեկումնային տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, «Ենթակառուցվածքային ծրագրեր. սարքավորումների համատեղ կիրառում», «ԱՊՀ մասնակից պետությունների` ինովացիոն ոլորտում մինչև 2021-2030 թվականն ընկած ժամանակահատվածի Միջպետական ծրագրի հայեցակարգի շուրջ առաջարկություններ»:

Մասնակիցները իրենց հարցերը ուղղել են զեկուցողներին, ինչպես նաև մի շարք գիտական և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից եղել են առաջարկություններ ԱՊՀ մասնակից պետությունների` ինովացիոն ոլորտում համագործակցության միջպետական ծրագրի ընդլայնման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հանդիպումն ավարտվել է մտքերի, տեսակետների փոխանակմամբ և կլոր սեղանի արդյունքների ամփոփմամբ: