Hyundai Elevate. ինչպիսին է աշխարհում առաջին քայլող մեքենան

Վերջերս հարավկորեական Hyundai մեքենաշինական բրենդը ներկայացրել է աշխարհում առաջին քայլող մեքենան, որը դեռևս նախնական օրինակի տեսքով է ու կոչվում է Elevate:

Ինչպես նշում է The Guardian-ը, մեքենան ունի անհրաժեշտության դեպքում դուրս եկող ռոբոտային ոտքեր, որոնց շնորհիվ կարող է 1,5 մ բարձրությամբ պատ բարձրանալ, «ցատկել» 1,5 մ տրամագծով փոսի վրայով ու միևնույն ժամանակ ապահովել ուղևորների անվտանգությունը:

Ռոբոտային ոտքերը կարող են զարգացնել 4,8 կմ/ժ արագություն: Ընկերությունից նշել են, որ մեքենան նախատեսված է բնական աղետներին ու մարդասիրական ճգնաժամերին արագ արձագանքելու համար:

«Եթե, ասենք, ցունամի կամ երկրաշարժ է տեղի ունենում, ներկայում կիրառվող փրկարարական փոխադրամիջոցները չեն կարողանում առաջանալ աղբի ու բեկորների «ծովում»: Դրա հետևանքով փրկարարները ստիպված են լինում ամբողջ ճանապարհը ոտքով անցնել: Մինչդեռ Elevate-ը կարող է և՛ քայլել, և՛ մագլցել մյուս փոխադրամիջոցների համար դժվարմատչելի տեղանքները»,-հայտարարել է ընկերության փոխնախագահ Ջոն Սուհը: