«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ սկսվել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու համար երեխաների և դպրոցների գրանցումը։ Մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին: Նրան կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Մասնակցելու համար աշակերտները պետք է գրանցվեն իրենց դպրոցում մինչև փետրվարի 19-ը։
Մրցույթի մասին
«Կենգուրուն» մաթեմատիկայի միջազգային ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում է 80-ից ավելի երկիր:
«Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին, երբ Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Փիտեր ՕʼՀոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը լայն տարածում գտավ: 1991 թ.-ին ֆրանսիացի երկու ուսուցիչներ այն տեղափոխեցին Ֆրանսիա: Նրանք այն անվանեցին «Կենգուրու»` այդպիսով երախտագիտություն հայտնելով կենգուրուների երկրի իրենց գործընկերներին: 1994 թ. հունիսին Ստրասբուրգում՝ Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովին, 10 երկրների ներկայացուցիչներ որոշեցին հիմնադրել «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou sans Frontières») միջազգային ընկերակցությունը: 2008 թ. հոկտեմբերին Հայաստանը` ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, դարձավ «Կենգուրու առանց սահմանների» ընկերակցության անդամ:
Տասը տարիների ընթացքում Հայաստանում և ութ տարիների ընթացքում Արցախում մրցույթն ունեցել է ընդհանուր 395 484 մասնակից։
Մանրամասների համար այցելեք «Կենգուրուի» կայք` www.kangaroo.am, կամ զանգահարեք (010) 54-37-07, (093) 01-08-63 հեռախոսահամարներով: