«Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում։ «Այբպլաստ» նախագծի շրջանակում այբեցիները փորձել են ստանալ բիոպլաստիկներ՝ օգտագործելով բնական հումք:
Արդյունքը գոհացուցիչ է եղել և նրանք արժանացել են 1000 դոլար մրցանակի։ Բացի այդ, թիմին հնարավորություն է ընձեռվել ապրիլին մեկնել ԱՄՆ՝ Դելավերի համալսարան՝ մասնակցելու մրցույթի համաշխարհային եզրափակիչին։
«Այբպլաստ» նախագծի նպատակը շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի էկոլոգիապես մաքուր փոխարինողներ ստանալն է՝ քիմիայի գիտելիքների կիրառմամբ։ Աշակերտները հետազոտել են և առաջարկել թերմոպլաստիկ օսլայի հիմքի վրա ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։