Bugatti-ն Ժնևի ցուցահանդեսում ներկայացրել է ամենաթանկարժեք մեքենան

Ժնևի ավտոսրահում ընթացող ցուցահանդեսի ժամանակ Bugatti-ն ներկայացրել է իր ամենաթանկարժեք՝ La Voiture Noire մեքենան։ Ի դեպ՝ մեքենայի անվանումը թարգմանաբար նշանակում է «սև մեքենա»:

Նորույթն ստեղծվել է Chiron մոդելի հիման վրա՝ ֆրանսիական ապրանքանիշի 110-ամյա հոբելյանի առթիվ: Ի տարբերություն իր նախորդ մոդելի՝ La Voiture Noire-ն համալրվել է ածխածնային մանրաթելից պատրաստված թափքով և 1936 թվականի արտադրության Type 57SC մոդելի ոճով ստեղծված դիզայնով:

Մեքենան ստացել է 8 լիտր ծավալային W16 շարժիչ, որը 1500 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2,5 վայրկյանում:

Չնայած 16,5 մլն եվրո տպավորիչ գնին՝ մեքենան արդեն վաճառվել է: Այս մասին հայտնել է Bugatti ընկերության նախագահ Ստեֆան Վինկելմանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հիպերքարը ձեռք է բերել Volkswagen Group-ի նախկին ղեկավար Ֆերդինանտ Պիխը՝ լեգենդար Ֆերդինանդ Պորշեի թոռը: