Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան և «Elawphant» փաստաբանական ընկերությունն սկսել են Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը: Այս առիթով ասոցիացիայում ձևավորվել է իրավական հարցերով աշխատանքային հատուկ խումբ: Առաջարկվող իրավակարգավորման հայեցակարգը կենտրոնանում է հետևյալ հիմնական կետերի շուրջ`
- հստակեցնել տնտեսական հարաբերություններում կիրառվող թվային նիշքերի (տոկենների) իրավական կարգավիճակը ՀՀ օրենսդրությունում՝ դրանց տալով գույքի կարգավիճակ, մասնավորապես` գույքի կարգավիճակ ունեցող էլեկտրոնային փաստաթղթեր, գույքային էլեկտրոնային փաստաթղթեր.
- ապակենտրոնացված թվային նիշքերի իրավակարգավորման մոդելում հաշվի առնել էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային փաստաթղթերի գործող կարգավորումները.
- օրենսդրությունում տարբերակել թվային նիշքերը, որոնք ունեն առևտրային արժեք, սակայն հիմքում չունեն պարտավորական հարաբերություններ (օրինակ՝ կրիպտոարժույթներ), և նրանք, որոնք իրենց հիմքում ունեն պարտավորական հարաբերություններ (օրինակ՝ ապակոնտրոնացված պարտավորական թվային նիշքեր կամ կրիպտոպահանջներ).
- պարտավորական թվային նիշքերը կարգավորել արժեթղթերի մոդելով՝ հաշվի առնելով, որ դրանք հավաստում են պարտավորական իրավունքներ.
- կրիպտոարժույթների և ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերով գործարքներ իրականացնող տնտեսվարողներին դարձնել ՓԼԱՖ հաշվետու.
- կարգավորել ապակենտրոնացված թվային տեխնոլոգիաների կիրառությամբ կենտրոնացված ծառայություններ մատուցող տնտեսվարողների գործունեության որոշ ասպեկտները (կրիպտոփոխանակում, կրիպտոբորսա, թվային դրամապանակի ծառայություններ մատուցողներ, ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերի թողարկողներ (ICO) ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերի շուկայի օպերատոր և այլն) սպառողների և ներդրողների շահերի պաշտպանության համար.
- որդեգրել ապակենտրոնացված թվային նիշքերի կարգավորման առավել ինսենտիվային (խրախուսական) և նվազապես պենիտենցիար (պատժողական) մոդել՝ դրանցով հասարակական հարաբերությունների մասնակիցների հաշվետվողականությունը ապահովելու համար՝ հաշվի առնելով վերահսկողության գործիքների բացակայությունը և մարտահրավերները վարչարարական հարաբերություններում.
Բլոկչեյնի ոլորտում գործող ընկերությունների առանձնահատկությունը նրանց արագ աճն ու ազատ տեղաշարժն է աշխարհով մեկ: Եվ քանի որ կրիպտոարժույթներին և բլոկչեյնին հարող հարցերի հստակ կարգավորումներ երկրների մեծամասնությունը դեռ չունի, այսպիսի ընկերություններն անընդհատ փնտրում են իրենց գործունեությանն առավել համապատասխան և գրավիչ օրենսդրական դաշտ ունեցող պետություններ: Եվ շատ կառավարություններ էլ, իրենց հերթին, հասկանալով այս նոր ինդուստրիայի տնտեսական ամբողջ ներուժը, այժմ աշխատում են մշակել բոլոր պահանջներին բավարարող կարգավորող նորմեր, որպեսզի կարողանան ներգրավել այսպիսի գլոբալ ընկերություններ: Աշխարհում այս առումով տեղի ունի չհայտարարված մրցավազք: Եվ ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանն` իր տեխնոլոգիական հզոր ներուժով և վստահելի ֆինանսաբանկային համակարգով, ունի բոլոր շանսերը` լինելու առաջատարների շարքում: Այս հանգամանքն արդեն հայտնի է միջազգային շատ ընկերությունների և կարևոր նշանակություն ունի նաև ոլորտի հայ ձեռներեցների և ՏՏ մասնագետների համար, որոնք իրավական որոշակիության և լավ պայմանների համար փնտրում են լուծումներ այլ երկրներում: Մնում է ապահովել նրանց համար խաղի հստակ և ձեռնտու պայմաններ:
Ինչպես նշում է առաջարկվող հայեցակարգի հեղինակ և «Elawphant» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր Գևորգ Հակոբյանը, օրենսդրության կողմից երևույթի հստակ չճանաչումը հանգեցնում է իրավական անորոշության և Հայաստանի` տնտեսության հիմնական ուղղություններից մեկը հռչակած ՏՏ ոլորտի զարգացման արգելակման: Բացի այդ, երկրի ֆինանսական համակարգը արհեստականորեն հետ է մնում համաշխարհային ֆինանսական շուկաների ինովացիոն զարգացումներից:
Nooor բլոկչեյնի ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանն էլ նշում է.
«Օրենսդրության ընդունումը նոր հնարավորություններ կընձեռի և կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ տնտեսության վրա: Բազմաթիվ խոշոր ներդրողներ արտերկրից հետաքրքրված են մեր շուկայով, բայց դեռևս խուսափում են այստեղ հաստատվելուց, քանի դեռ չկան հստակ կարգավորումներ: Եվ որպեսզի հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, մենք հրավիրում ենք միանալու իրավական հարցերով աշխատանքային խմբին` միասին հիմք դնելու տնտեսական և տեխնոլոգիական զարգացման նոր փուլին»: