Վիքիմեդիա Հայաստանի էջից տեղեկանում ենք, որ արդեն հասանելի է դարձել Արևմտահայերեն Վիքիպեդիան՝ որպես առանձին վիքիհարթակ։
Հանրագիտարանը դեռևս նոր է, համարյա դատարկ, և շուտով Արևելահայերեն Վիքիպեդիայից արևմտահայերեն հոդվածները կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա, և հանրագիտարանը բնականոն հունով արդեն կշարունակի զարգանալ։
Արևմտահայերեն Վիքիպեդիայում տեղադրված առաջին հոդվածը Մայրենի լեզվի օրվան է նվիրված։ Արևմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը և հովանավորել նախագծի միջոցառումները։
Արևմտահայերեն Վիքիպեդիան բաց է բոլորիս համար։ Վիքիպեդիայի խմբագրման հնարավորություններին ծանոթ բոլոր անձինք կարող են իրենց մասնակցությունը բերել հանրագիտարանի զարգացման գործում։