Հակոբ Արշակյանը հանդիպել է Google-ի ներկայացուցչի հետ

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացնում է, որ YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։
Ժնևում Արշակյանը հանդիպել է Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկել հետևյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։

1․ Ակտիվացնել հայաստանյան թրենդերի հատվածը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը,

2․ Ակտիվացնել մոնետիզացիան վիդեոբլոգերների և լրատվամիջոցների համար։ Այս պահին շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն` հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։ Գլոբալ խնդիրը Google֊ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։

3. Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետևանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Google-ը։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/photos/a.2267107383315957/2712579868768704/?type=3&theater

Այս երեք  խնդիրների լուծումը, ըստ Youtube-ով ու Goolge-ով զբաղվող  աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի հայաստանյան և  հայալեզու վիդեոարտադրանքի զարգացման տեսանկյունից։ Բացի դրանից սա կխթանի խոսքի և կարծիքի ազատությունը Հայաստանում։ Մեծ ներդրում կլինի նաև աշխարհում սփռված հայերի համար հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից։

Ի՞նչ ենք մենք ակնկալում  Google-ից։

Ստանալ այն խնդիրների ցանկը, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը ավելի համապարփակ օգտվեն Google-ի և Youtube-ի ծառայություններից։
Այսինքն, պետք է հստակ հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ՀՀ կառավարությունից, բանկային համակարգից, տեխնոլոգիական համայնքից, որպեսզի խնդիրը հնարավոր լինի լուծել։

Առաջնային խնդիրներից է նաև Google-ի այլ գործիքները։ Օրինակ՝ Google Maps-ն օգտվում է հին սովետական սահմաններից և մի շարք բնակավայրեր Հայաստանի հարավում և հյուսիսում դիտարկվում են որպես Ադրբեջանի տարածքներ։ Այդ պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդեցված է, քանի որ ճանապարհը քարտեզի վրա գծագրվում է խիստ սխալներով։

Այս հարցերի շուրջ երկուստեք պայմանավորվածություն է դեռք բերվել լավագույն մասնագետների հետ աշխատանքի հարցում։ Բացի այդ Հակոբ Արշակյանը  Սառա Քլատերբակին  հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին։

Քննարկված հարցերն այսքանը չէին, սակայն Հակոբ Արշակյանը չի մանրամասնել մյուս քննարկումները՝ հավելելով, որ այդ քննարկումն իրականացնելը անակնկալ կլինի հայաստանցիների համար։