Կայացել է «IT Intellectual Cup 2019» առաջնությունը

Մայիսի 18-ին Երևանում կայացավ «IT Intellectual Cup 2019» առաջնությունը, որի գլխավոր հովանավորն էր Digitain Armenia ընկերությունը: Միջոցառման աջակիցներն էին Staff.am֊ը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտակների հայկական ասոցիացիան։

Առաջնության հիմնական նպատակը ինտելեկտուալ միջավայրի զարգացումն է՝ ներգրավելով ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցներին և թիմերին:
Առաջնությանը մասնակցում էին 6 հոգուց բաղկացած 34 թիմեր 29 ընկերություններից, մասնակից թիմերից մեկը ներկայացնում էր Վանաձոր քաղաքը։

Առաջնությունն ընթացավ շատ ակտիվ մթնոլորտում՝ բավականին համառ պայքար էր ծավալվել հաղթող թիմին որոշելու համար։ Հաղթող ճանաչված թիմը ընդամենը 1 միավորով էր առաջ անցել 2֊րդ տեղը զբաղեցրած թիմից: 
Հաղթող ճանաչվեց Synopsys Armenia թիմը, որին առաջնության գլխավոր հովանավոր Digitain Armenia-ն տրամադրեց անակնկալ նվեր՝ մեկօրյա տուր, գինու համտես և ընթրիք Armenia wine գինեգործարանում, ինչպես նաև թիմը պարգևատրվեց 1֊ին տեղի մեդալներով և գավաթով:

2-րդ տեղը զբաղեցրեց Instigate Design ընկերության թիմը, ովքեր Staff.am-ի կողմից ստացան նվեր քարտ, որը թույլ կտա օգտվել staff.am համապատասխան գործիքներից և ծառայություններից, ինչպես նաև թիմը պարգևատրվեց գրքերով, 2֊րդ տեղի մեդալներով և գավաթով: 3-րդ տեղը զբաղեցրեց OMD ընկերության թիմը, որը Straus բիզնես սրճարանի կողմից ստացավ ընթրիքի նվեր քարտ, ինչպես նաև պարգևատրվեց գրքերով, 3֊րդ տեղի մեդալներով և գավաթով:

Picsart֊ի թիմը առաջնության գկխավոր հովանավոր Digitain Armenia֊ի կողմից ստացավ խրախուսական մրցանակներ: Staff.am-ի կողմից հատուկ մրցանակների արժանացան Instigate Mobile֊ի թիմը, որպես միակ թիմ, որը ներկայացնում է ՀՀ մարզերը: Հույս ունենք հաջորդիվ կշատանան մարզերը ներկայացնող թիմերը:

«IT Intellectual Cup 2019» առաջնության բոլոր մասնակիցներին և աջակիցներին շնորհվեցին շնորհակալագրեր ինչպես մասնակցության, այնպես էլ միջոցառման կազմակերպմանն իրենց ներդրումն ունենալու համար։

Առաջնության ընդհանուր հասույթը կազմել է 1.2 մլն ՀՀ դրամ, որը նախատեսվում է փոխանցել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցներին, դրանով իսկ IT Intellectual Cup֊ը իր համեստ ներդրումը կունենա ապագա սերունդների պատրաստման գործում:

Միջոցառումը կազմակերպել էին ՏՏ ոլորտի աշխատակիցներ Ստեփան Սմբատյանը և Սպարտակ Կյուրեղյանը: Հետագայում  նախատեսվում է այն շարունակական դարձնել և ընդլայնել թիմերի քանակը, աշխարհագրությունը և ձևաչափը։