«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացմանն ուղղված հարցեր

Օրերս ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը՝ նվիրված ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: Երկօրյա ֆորումն անցկացվել է ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի և Ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության աջակցությամբ։

Դիլիջանում կայացած ֆորումի շրջանակում ՀՀ պետական  եւ մասնավոր ոլորտի 30-ից ավելի ներկայացուցիչներ քննարկել են Ռազմարդյունաբերական համալիրի ներկա մարտահրավերներին համապատասխան կառուցվածքային հիմնահարցեր, գնման մեխանիզմների անհրաժեշտ եւ արդի լուծումներ եւ անվտանգությանն ուղղված այլ հարցեր:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է. «Ավանդական դարձած ՏՀՏ ոլորտների առաջնորդների հանդիպումը կոնսոլիդացիայի արդյունավետ հարթակ էր: Ռազմարդյունաբերության կոմիտեի, ԱԱԾ-ի, Ֆինանսների նախարարության, Ռազմարդյունաբերության ձեռնարկությունների միության եւ այլ կառույցների շահագրգիռ կողմերը բազմապրոֆիլ քննարկումներ անցկացրեցին. հիմնական շեշտադրումներն էին ռազմարդյունաբերության կառուցվածքային դերակատարումները, ոլորտի գնումների պատշաճ կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների խթանիչ գրավականները»:

Նշենք, որ ԱՏՁՄ-ն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ձեւաչափը իրականացնում է տարեկան 2 անգամ սկսած 2007 թվականից: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ: