ԱՏՁՄ նախագահի աշխատանքային այցի արդյունքում մի շարք գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը հունիսի 2-5-ը Թայբեյ աշխատանքային այցի ընթացքում մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել՝ քննարկելով համատեղ ծրագրեր։

ԱՏՁՄ նախագահը մասնակցել է աշխատանքային ճաշի, որի շուրջ քննարկվել են ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության, ինչպես նաև Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ նախագծեր։ Առաջիկայում նախատեսվում է գործարարների այցը Հայաստան։

TAITRA-ի (Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհրդի) ներկայացուցիչների հետ հանդիպմանը նույնպես քննարկման թեման համատեղ ներդրումային ծրագրերն են եղել։

Թայթունգի ազգային համալսարանի (National Taitung University) ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հեղինակավոր այս բուհում ուսումն անվճար շարունակելու նպատակով ԱՏՁՄ-ի «Արմաթ» լաբորատորիաների 10 սաների կրթաթոշակ տրամադրելու և ուսումն անվճար շարունակելու վերաբերյալ։

Աշխատանքային այցի ընթացքում Ա․ Եսայանին է հանձնվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին ուղղված հրավերը՝ Թայբեյ այցելելու և National Chiao Tung համալսարանի ղեկավարների հետ քննարկելու ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիրը։ «Խելացի» գյուղատնտեսության զարգացման նպատակով համագործակցության մեկնարկը տրվել է մարտին, Երևանում։