Երևանում անցկացվեց թվով 11-րդ BarCamp-ը

Հանգստյան օրերին Երևանում կայացավ Բարքեմփ՝ թվով 11-րդ չկոնֆերանսը։ Ինչպես և նախորդ  տարիներին՝ այս տարի էլ բարքեմփը մարդաշատ էր։ Անգամ չէր խանգարել այն հանգամանքը, որ հանգստյան օրեր էին և պետք էր վաղ արթնանալ։ Սրահները լեփ- լեցուն  էին:

Բարքեմփը կոնֆերանսների միջազգային ցանց է։ Կոնֆերանսի կամ ինչպես մասնակիցներն են անվանում Չկոնֆերանսի մուտքն ազատ է  բոլորի համար և մասնակցությունն էլ՝ անվճար է։

Ինչու ենք անվանում չկոնֆերանս․ որովհետև   Բարքեմփն ամբողջությամբ անցկացվում է շնորհանդեսների, հաշվետվությունների, թրեյնինգների ձևով։ Այստեղ հոգնելու կամ  ձանձրանալու ժամանակ չես գտնի, քանի որ թեմաները բազմազան են և յուրաքանչյուր բանախոսի ինտերակտիվ ելույթը տևում է առնվազն 30-ից 40 րոպե։

Առաջին Չկոնֆերանսը Հայաստանում անցկացվել է 2009 թվականի ապրիլին, որն ունեցել  է ընդամենը 400 մասնակից։ Այս տարի ներկաների թիվը մի քանի անգամ գերազանցում էր։

Սովորաբար հյուրեր են լինում նաև արտերկրից։ Այս տարի մեզ հյուրընկալել էին Yandex-ից, IBM-ից, Data Art-ից և այլ հայտնի ընկերություններից։

Բարքեմփների հիմնական թեմաներն են   լինում բլոգինգը, նորարարական մեդիան, սոցցանցերը, ստարտափները, օփեն սորսերը՝ բաց աղբյուրները և այն ամենն ինչ կապված է թվանշային աշխարհի հետ։

Այս տարվա բարքեմփն ավելի շատ նրանց համար էր ովքեր  հետաքրքրվում են թվային մարքետինգով։ Բայց, կային նաև այլ հետաքրքիր թեմաներ` ինչպես կառավարել մարդկային ռեսուրսները, ինչ սխալներ չպետք է թույլ տալ կամ ինչ սխալներ եք պարտադիր թույլ տալու, ինչպես պաշտպանել անձնական տվյալները և այլն: 

Տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ կիսվեցին կուտակված փորձով, պատմեցին, պատասխանեցին հարցերին և յուրաքանչյուր մասնակից երևանյան BarCamp-ը լքեց ընկերության աշխատանքի, կոդինգի, մարդկային ռեսուրսների կառավարման մասին նվազագույն գիտելիքներով:  Թեմաները բազմազան էին՝ յուրաքանչյուրը կարող էր գտնել իր նախընտրելին: Չկոնֆերանսի երկու աշխատանքային օրն ինչպես միշտ ամփոփվեց չկոնֆերանսին վայել միջոցառմամբ:

Սյուզան Թոսունյան