Հայաստանում նշանակալի նվազել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների բախված օգտատերերի բաժինը

Հայաստանի օգտատերերի 0,5%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Նույն ժամանակահատվածում նման գրոհների ենթարկվել է Ադրբեջանի օգտատերերի 0,7% և Վրաստանի օգտատերերի 0,6%-ը։

Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների բախված օգտատերերի բաժինը Հայաստանում և Վրաստանում նշանակալի չափով կրճատվել է, քանի որ 2018-ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1,4-ական տոկոս. այդ երկրներն այն ժամանակ բաժանել են 6-7-րդ տեղերը նման օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների վարկանիշում, իսկ այս տարի լքել են այդ վարկանիշի առաջատարների տասնյակը։

2019-ի հունվար-մարտին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված  օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Հարավային Կորեայում՝ 2,2%, որին հետևում են Չինաստանը՝ 2,1% ցուցանիշով, և Բելառուսը, Վենեսուելան ու Սերբիան (1,6-ական տոկոս)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնց համաձայն՝ առաջին եռամսյակում հետ են մղվել աշխարհի 243 604 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր։ 

Փորձագետները նշում են, որ կիբեռահանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու և փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ և ֆիշինգ, ինչպես նաև ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային և կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին։

Տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը  100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, քանի որ ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն (կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում) սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։