«ARD music-ը հավելված է, որտեղ մենք փորձում ենք այնպես անել, որ բոլորը կարողանան ստեղծագործել»,- վստահեցնում է հավելվածի հեղինակը՝ Ռոմեո Ավագյանը։
Ըստ նրա, ինքնաարտահայտվելու ամենալավ տարբերակը երաժշտությունն է և դրա համար էլ նրանք «վարժեցրել» են արհեստական բանականություն, որը կգուշակի օգտատիրոջ տրամադրությունը և կստեղծի նրա տրամադրությանը համապատասխան երաժշտություն։
«Ոչ միշտ է, որ արհեստական բանականությունը ենթադրում է մեծ տվյալների մեքենայական ուսուցում, կան տարբերակներ, որտեղ անում ես անկառավարելի ուսուցում։ Բազան, որի հիման վրա կատարվել է ուսուցումը բոլոր հարմոնիկ ակորդների և նոտաների համադրումների շտեմարանն է, բայց երաժշտություն չի ուսումնասիրել»։
Այսինքն, հավելվածը տարբեր երաժշտություններից հատվածներ չի վերցնում, փոփոխում ու մատուցում նորովի, այլ զրոյական վիճակից ստեղծում է նորը։
Ինչպե՞ս է տեղի ունենում տրամադրության տվյալների հավաքագրումը՝ ամենակարևոր կետը ակտվիությունն է։Սա նշանակում է, որ սմարթֆոնի միջոցով հավելվածը հետևում է, թե երբ է քնել, արթնացել օգտատերը, ինչքան է ակտիվ եղել օրվա ընթացքում և ինչ քանակությամբ կալորիա է սպառել, տրամադրությունը ներկայումս նշում է օգտատերը, բայց հեղինակները պլանավորում են դա էլ ապագայում ստանալ սմարթֆոնում առկա լուսանկարների միջոցով։ Հավելվածը ամբողջական պատկերը ստանալու համար նաև «նայում» է, թե որ երկրից է եկել հարցումն ու ինչ եղանակ է այնտեղ։ Այնուհետև հավելվածը սկսում է ստեղծագործել ու ստեղծում է օգտատիրոջ տրամադրության երաժշտությունը։
Հավելվածը դեռևս հասանելի է միայն Android օպերացիոն համակարգում։ Այստեղ դեռ հնարավոր չէ երաժշտությունը բեռնել, բայց հեղինակները վստահ են՝ էմոցիաները շուտով կկարողանաք կիսվել Instagram-ում և այլ հարթակներում։ Հավելվածում հնարավոր է գրանցվել և՛ Facebook-ի, և՛ Google-ի հաշիվների միջոցով։
ARD Music-ը մասնակցել է Sevan Startup Summit-ին, ինչպես նաև հանդիսանում է Հայաստան Ստարթափ Ակադեմիայի շրջանավարտ, որն իրականացվում է EU-SMEDA ծրագրի շրջանակներում(ծրագիրը նաև Sevan Startup Summit-ի գործընկերն է)։
Սյուզան Թոսունյան