Ամերիկյան ընկերություններին չինական Huawei ընկերության հետ գործեր վարելու համար հավելյալ 90 օր կհատկացվի, հաղորդում է BBC-ն:
«Մենք ԱՄՆ-ի հեռուստահաղորդակցման ընկերություններին ևս 90 օր ենք տալիս: Գյուղական վայրերում աշխատող որոշ ընկերությունների աշխատանքը կախված է Huawei-ից, այս իսկ պատճառով նրանց մի քիչ էլ ժամանակ ենք հատկացնում»,- ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը:
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցականի տակ էր դրել չինական ընկերության հետ բիզնես վարելու արտոնագրերի երկարաձգման ժամկետը: Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, որ չի ցանկանում որևէ տեսակի բիզնես վարել Huawei-ի հետ, քանի որ այդ ընկերությունը սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:
Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը մեղադրում է Huawei ընկերությանը Չինաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար: Ընկերությունը հայտնվել էր ԱՄՆ-ի «սև ցուցակում», իսկ ամերիկյան ընկերությունների՝ Huawei-ի հետ համագործակցության արտոնագրերի ժամկետը լրանում է այսօր՝ օգոստոսի 19-ին:
«Սև ցուցակում» հայտնվելը նշանակում է, որ ամերիկյան ընկերությունները չեն կարող առանց հատուկ թույլտվության Huawei-ին վաճառել սեփական արտադրանքը:
Աղբյուրը՝ Tert.am