Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այժմ դրանք հասանելի են բոլոր ցանկացողների համար, ովքեր չէին հասցրել պարտատոմսերը ձեռք բերել տեղաբաշխման ընթացքում: Տեղեկացնենք նաև, որ 2019թ. օգոստոսի 16-ին Ucom ընկերությունն իրականացրել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումները:

«Ուրախությամբ հայտնում եմ, որ ներդրողներն արդեն իսկ կարող են մարման ժամկետից շուտ վաճառել իրենց պարտատոմսերը կամ դրանց մի մասը։ Իսկ մեր վստահելի գործընկերոջը՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը, շնորհվել է շուկա ստեղծողի (market maker-ի) կարգավիճակ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Այսպիսով ավարտին հասցրեցինք տեղաբաշխման գործընթացի հետ կապված վերջին փուլը: Պարտատոմսերն արդեն հասանելի են ֆոնդային բորսայում, և մենք վստահ ենք, որ դրանք դառնալու են ամենաակտիվ շրջանառվող գործիքներից մեկը», – ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Ներկայումս ֆոնդային բորսայում շրջանառվում են 5 մլն ԱՄՆ դոլար և 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր։

«Գովելի է, որ ընկերությունները հանրությունից վարկային միջոցներ ներգրավելու խիզախություն ունեն, ինչը վկայում է իրենց վստահության մասին։ Եվ կրկնակի գովելի է, որ հանրությունն սկսում է վստահել բիզնեսին ու ավելի շատ ներդրումներ անել արժեթղթերի մեջ։ Այսպիսով, արձանագրում ենք շատ դրական դինամիկա՝ թողարկողների, ներդրողների ու ծավալների աճ», – ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։