Օքսֆորդի համալսարանի Ինժեներական հետազոտությունների ծրագրի (EUROP) շրջանակում անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ է իրականացրել հայազգի Արեն Կարապետյանը, որին անդրադարձ է կատարել համալսարանի հատուկ կայքէջը:
20-ամյա Արենն իր հետազոտությունն իրականացրել է ավտոմատ կառավարման տեխնիկայի ոլորտում: «Նպատակ ունեի պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է նշանակում լինել ուսանող-հետազոտող և որ ամենակարևորն է՝ որպես հետազոտող կատարելագործվել»,- հայտնել է Արենը:
Ոչ մեծ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին են 27 գրամ կշռող քվադրոկոպտերները, որոնք ուսումնասիրում է Արենը, շատ մանևրային են, սակայն թեթև կշռի պատճառով այն հեշտ է պայթեցնելը կամ խոցելը:
Հայ երիտասարդը EUROP-ի ընձեռած հնարավորությունն օգտագործում է առանձին անօդաչու սարքի կառավարման, հզորացման և ծրագրավորման մեթոդների մշակման համար: Իր նախագծի շրջանակում երիտասարդը կստեղծի ինքնուրույն աշխատող դրոնների փոքրիկ հավաքածու: «Նախագիծը սկսելուց կարճ ժամանակ անց ես ինձ համար բացահայտեցի հետազոտությունների մարտահրավերները և այն, որ դրանք շատ դեպքերում կարող են անծայրածիր լինել»,- նշել է Արեն Կարապետյանը: