Հայաստանում ներկայացուցչություն կբացի «Salesforce»-ը. այն աշխարհի թիվ 1 CRM հարթակն է

«Systronics»-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև ծրագրերի խորհրդատվական ծառայություններ և IT ենթակառուցվածքների տեղադրում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպման ժամանակ «Systronics» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի:

Զարեհ Թութունջյանն ընդգծել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «ՍիստրոՏեխ»-ը, գործում է 2001 թվականից և իրենց ջանքերի շնորհիվ այս տարվա վերջին Հայաստանում ներկայացուցչություն կբացի «Salesforce»-ը, որ աշխարհի թիվ 1 CRM հարթակն է։

Նախարարը նշել է, որ  հաջորդ տարվա համար տեխնոլոգիական բուհերում նախատեսվում են այս ուղղությամբ վերապատրաստման ծրագրեր իրականացնել։  Հակոբ Արշակյանը Զարեհ Թութունջյանին առաջարկել է երկկողմ համագործակցություն իրականացնել, որի շրջանակներում «Systronics»-ի գործունեության ուղղություններով նրանց մասնագետները դասընթացներ կանցկացնեն, ինչն էլ հնարավորություն կտա որակյալ կադրեր պատրաստել։

Նախարարի հավաստմամբ, այս ծրագրով նախատեսվում է Երևանում և մարզերում շուրջ 6000 մարդու տեխնոլոգիական գիտելիքներ տալ: