Huawei. 5G-ն շրջադարձային նշանակություն կունենա

Huawei-ի տնօրենների խորհրդի ժամանակավոր ղեկավար Գո Պինը 5G-կապը համեմատում է էլեկտրականության հետ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցած համաժողովում Գո Պինը կանխատեսումներ է արել, թե գերարագ կապն առաջիկա տասնամյակների ընթացքում կփոխի մեր կյանքն այնպես, ինչպես էլեկտրականությունը փոխեց այն 20-րդ դարում:

«1875 թվականին Փարիզի կայարանները սկսեցին օգտագործել էլեկտրական լուսավորությունը: 1879 թվականին Սան Ֆրանցիսկոյի էլեկտրակայանը սկսեց էլեկտրաէներգիա վաճառել։ Դրանք պատմական փոփոխություններ էին։ Ավելի ուշ, 20-րդ դարի ընթացքում, էլեկտրաէներգիան բոլոր ոլորտներում բարձրացրեց արտադրողականությունը»,- ելույթի խոսքում նշել է նա:

Գո Պինը վստահ է, որ փոփոխությունների նմանատիպ ցնցող ներուժ ունի նաև 5G-ն: «5G գումարած Իքսը կստեղծեն նոր՝ խելացի դարաշրջան: Ես վստահ եմ, որ ապագայում այդ համադրությունն անհամար հնարավորություններ կստեղծի գործարարների համար»,- ասել է նա և հավելել.« Եթե 3G և 4G կապը միավորել է մարդկանց, ապա 5G-ն տեխնոլոգիայի հեռահաղորդակցության ոլորտի համար շրջադարձային նշանակություն կունենա»: