Չինաստանում երեխաներն ու դեռահասները տեսախաղերով կզբաղվեն միայն որոշակի ժամերի

Չինաստանի իշխանություններն արգելել են երեխաներին և դեռահասներին առցանց խաղերով զբաղվել երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 8-ն ընկած ժամանակահատվածը:

Իշխանությունները նաև սահմանել են՝ որքան ժամանակ կարող են երեխաները հատկացնել համակարգչային խաղերին: Աշխատանքային օրերին այն չպետք է գերազանցի 90 րոպեն, իսկ հանգստյան և տոնական օրերին թույլատրելի ժամանակը հասնում է 3 ժամի: Սահմանված ժամանակը վերահսկելու նպատակով խաղային բոլոր հարթակներում անցկացվելու է օգտատերերի ինդետիֆիկացիա:

Միևնույն ժամանակ, սահմանափակում է մտցվել գումարի չափի մեջ, որով դեռահասները կարող են համալրել իրենց խաղային հաշիվները: Այսպես՝ մինչև 16 տարեկան երեխաներին թույլատրվում է ամսական ծախսել $29: Ավելի մեծերը՝ 16-18տ, խաղային հաշվին կարող են փոխանցել ամսական մինչև $57: Նման միջոցառումները նպատակ ունեն պահպանելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը:

Ի դեպ, համակարգչային խաղերի չինական շուկան աշխարհի ամենամեծ և ամենաարագ աճող շուկան է: 2019թվականի առաջին եռամսյակում խաղացողների թիվը երկրում հասել է 640մլն-ի: Բացի այդ, Չինաստանը զարգացած երկրների շարքում զբաղեցրել է առաջին տեղը խաղային ինդուստրիայի ոլորտում ունեցած եկամուտներով: Շուկայի շրջանառությունը կազմել է $34,4 մլրդ: