Համաշխարհային ճանաչում ունեցող, մեծանուն գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Դեմիդովյան մրցանակի դափնեկիր է դարձել: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել «նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործում նշանակալի ավանդի համար»:
Յուրի Հովհաննիսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի, Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հետազոտությունների բնագավառի մասնագետ է, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար: Նրա ղեկավարությամբ 2000-2010 թվականներին միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր :Իսկ Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը նրա պատվին անվանվել է «օգանեսոն»:
Դեմիդովյան մրցանակները շնորհվում են անձնական ակնառու ներդրման համար մի քանի բնագավառներում՝ երկրագիտություն, ֆիզիկա և մաթեմատիկա, տնտեսագիտություն և ձեռնարկատիրություն, հումանիտար գիտություններ:
Դեմիդովյան մրցանակի դափնեկիրներին տրվում է դիպլոմ, ոսկե մեդալ՝ մալախիտե զարդատուփով և 1 մլն ռուբլի գումար: