Հայաստանն ու Ռումինիան քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ուղիները

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։

Դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ Ռումինիայում մեծ տեղ ու նշանակություն է տրվում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը,և այս ուղղությամբ կարող են համագործակցության արդյունավետ հեռանկարներ լինել։

Նա նաև ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության խորացման կարեւորությունը, նշել, որ համագործակցության առաջարկները կներկայացնի հնարավոր բոլոր գործընկերներին, շահագրգիռ կողմերին՝ նպաստելով երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում դրական արդյունքների արձանագրմանը։

Հակոբ Արշակյանը համառոտ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն ծրագրերը, որտեղ կան համագործակցության հնարավորություններ։ Նա անդրադարձել է տեխնոլոգիական ցուցահանդեսներում երկու երկրների ընկերությունների մասնակցության կարեւորությանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական կարեւոր ցուցահանդեսներից են Digitec EXPO-ն եւ ArmHighTech EXPO-ն, ներկայացրել է դրանց առանձնահատկությունները, և հույս հայտնել, որ առաջիկայում իրենց տաղավարով դրանցում մասնակցություն կունենան նաև ռումինական ընկերությունները: