Հայտնի են անցնող տասնամյակի ամենատարածված հավելվածները

App Annie վերլուծական ընկերությունը հրապարակել է անցնող տասնամյակում ամենատարածված հավելվածներն ու խաղերը: Վարկանիշային ցանկը հրապարակվել է ընկերության կայքում։

Ամենաշատ ներբեռնվող հավելվածների ցանկում առաջատար դիրք են զբաղեցնում Facebook-ը, Facebook Messenger-ը և WhatsApp-ը: Առաջին հնգյակում են հայտնվել նաև Instagramn ու Snapchat-ը:

Տասնամյակի ամենամեծ տարածում ունեցող խաղ է համարվել Subway Surfers-ը, որը մշակել է դանիական Kiloo ընկերությունը: Վարկանիշային ցանկով երկրորդ տեղում է Candy Crush Saga խաղը։ Լավագույն եռյակը եզրափակում է Temple Run 2-ը ։ Թոփ-5-ում ընդգրկվել են նաև My Talking Tom-ը և Clash Of Clans:

Վերլուծաբաններն առանձնացրել են նաև տնտեսապես առավել շահավետ հավելվածները: Ցուցակում առաջինը Netflix ստրիմինգային ծառայությունն է, երկրորդը Tinder ծանոթությունների հավելվածն է, երրորդ տեղում Pandora Music-ն է:

Անցյալ տարվա հուլիսին կիբերանվտանգության ոլորտի փորձագետները կազմել են նաև բջջային առավել վտանգավոր հավելվածների ցանկը, որոնք կարող են սպառնալիք պարունակել կորպորատիվ հաճախորդների համար: iOS սարքերի համար առավել ռիսկային հավելվածներ են ճանաչվել WhatsApp-ը և Facebook Messenger-ը: