Huawei ընկերությունը մտադիր է Եվրոպայում ունենալ իր սեփական գործարանը

Չինական տեխնոլոգիական հսկան ՝ Huawei-ը, մտադիր է Եվրոպայում ստեղծել բաղադրիչների արտադրության սեփական գործարան, հայտնել է ընկերության վարչության նախագահ Լիան Հուան :

Այս տարի ԱՄՆ կառավարությունը ընկերությանը ներառել է իր սև ցուցակում՝ այն անվանելով սպառնալիք ազգային անվտանգության համար: « Ապագայում մենք նախատեսում ենք մեր սեփական բաղադրիչները ստեղծել Եվրոպայի արտադրական հարթակում: Անցկացնում ենք տեխնո-տնտեսական հետազոտություն, որի արդյունքում պետք է գործարան բացենք: Երկրի ընտրությունը կախված կլինի այդ հետազոտության արդյունքներից»,- պատմել է Լիանը AFP պարբերականին:

Huawei-ի վարչության նախագահը նշել է, որ դա տեղի կունենա շատ շուտով: Նա նաև հավելել է, որ 5G տեխնոլոգիաների ոլորտում ընկերությունն «արդեն կախված չէ ամերիկյան ընկերություններից չիպերի և այլ բաղադրիչների մատակարարումներից»:

Huawei-ը և նրա 68 մասնաճյուղերը մայիսին ընդգրկվել են ԱՄՆ-ի սև ցուցակում այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, թե տեխնիկական հսկան գործիք է չինական հետախուզության ձեռքին: Թե՛պաշտոնական Պեկինը, և թե՛ Huawei-ն հերքել են իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքը:

Վաշինգտոնի արգելքը նշանակում է, որ ընկերությունը պետք է թույլտվություն ստանա ամերիկյան ցանկացած կոմպոնենտ գնելու համար: Այդ ժամանակից ի վեր Huawei-ին հաջողվել է սկսել սարքերի արտադրությունն առանց ամերիկյան դետալների և դրանք փոխարինել այլ վայրերից մատակարարվող բաղադրիչներով: