Մինչև 2020 թվականի վերջը Facebook-ը նախատեսում է թողարկել Libra թվային արժույթը, հաղորդում Է Reuters գործակալությունը: Այս մասին լրագրողներին պատմել է Պատրիկ Էլիսը, որը ներկայացնում է Libra ասոցիացիայի տնօրենների խորհուրդը՝ ստեղծված Facebook ընկերության կողմից ։ Տոկենը կթողարկվի՝ չնայած առկա հակազդեցություններին:
Առաջին հերթին, խոսքը ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների մասին է ։ Այս պետությունները մտավախություն ունեն, որ նոր թվային արժույթը կարող է դառնալ վճարային գործիք, որը դուրս կլինի կենտրոնական բանկերի վերահսկողությունից: Պատրիկ Էլիսը տեղեկացրել է, որ Facebook ընկերությունը վճռական է տրամադրված և մտադիր են կրիպտոարժույթը թողարկել մինչև տարեվերջ: Էմիսիայի կոնկրետ ամսաթիվը դեռ որոշակի չէ, քանի որ IT հսկան շարունակում է բանակցություններ վարել:
Բացի այդ, Facebook-ը փորձում է համոզել ԱՄՆ Կոնգրեսին, որ Libra-ն հսկայական ներուժ ունի։ Այդ նպատակով ընկերությունը վարձել է լոբբիստների թիմ:
Այս պահին միայն Facebook-ն է ֆինանսավորում տոկենի ստեղծման գործընթացը, նշել է ասոցիացիայի ներկայացուցիչը: Մնացած ընկերությունները, որոնք մասնակցում են նախագծին, առայժմ ձեռնպահ են մնում ներդրումներ անելուց: